ԿԲ կանխատեսմամբ՝ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում արագացումից հետո աստիճանաբար կնվազի

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն արտաքին և ներքին տնտեսություններից ՀՀ տնտեսության վրա կանխատեսում է գնաճային ազդեցություններ, սակայն 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով խորհրդի նիստից հետո պատրաստված մամուլի հաղորդագրությունը:

Գալստյանը հիշեցրեց, որ 2021թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0 տոկոս:

«2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%»,-ասաց Գալստյանը:

Նա նշեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում է տնտեսական ակտիվության և պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: 

Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։

«Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն: 2021թ-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են ԿԲ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսության ավելի դրական միտումների մասին։ Համաշխարհային պահանջարկի և արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաև վարկավորման ավելի դրական զարգացումներով պայմանավորված՝ համախառն պահանջարկը կվերականգնվի սպասումների համեմատ ավելի արագ տեմպերով, սակայն դեռևս կմնա թույլ»,-ասաց Գալստյանը:

 Միևնույն ժամանակ, ըստ ԿԲ գնահատականների, ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները և որոշակիորեն նաև գնաճային սպասումները։ 

Արդյունքում, Խորհրդի գնահատմամբ, ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ: «Հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը և նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ 

Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-ներկայացրեց ԿԲ նախագահը:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը: