Առաջարկվում է արգելել ՀՀ պետական սահմանին առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի և ԱԹՍ-ների օգտագործումը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է «Պետական սահմանի» օրենքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների մասին կառավարության նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ ՀՀ պետական սահմանին տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կկանոնակարգվեն: 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ 2020 թվականի փետրվարին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա: 

Նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը: Շատացել են նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը: 

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով՝ նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, սահմապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցները: Մելքոնյանը նշեց, որ նմանատիպ կարգավորումներ նախատեսված են ԱՊՀ մի շարք պետությունների օրենսդրություններով: