Խաղաղապահներն Արցախում ավելի քան 3,5 հազար դիմում են ստացել օգնության համար

Ստեփանակերտում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակվում է քաղաքացիների ընդունելության կետի աշխատանքը:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Այնտեղ գործում է նաև անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման աջակցության և այլ խնդրահարույց թեմաների վերաբերյալ տեղեկությունների հավաքման «թեժ գիծ»:

«Քաղաքացիների ընդունելության կետ ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 3,5 հազար մարդ։ Այդ թվում, ավելի քան 800 դիմում ստացվել է «թեժ գծով»։ Հեռախոսով կամ անձամբ դիմումներ ստացող հերթապահ սպաներն անպայման ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում զինծառայողի անհետացման ենթադրվող շրջանի մասին տեղեկությունները, գրանցում նրանց հետ կապի հաստատման տվյալները»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբեր։

Բացի Արցախի բնակիչների դիմումների հետ աշխատելը, ռուսաստանցի խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոնը ձեռնամուխ է եղել հասցեական մարդասիրական օգնության առաքմանը:

Նախօրեին խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Դոկտոր Լիզա» և «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամների կողմից ավելի քան 650 կգ մարդասիրական օգնություն են փոխանցել Ստեփանակերտում բնակվող բազմազավակ ընտանիքներին և հարկադրված վերաբնակներին:

Այս մարդիկ ստացել են անհրաժեշտ ամեն ինչ կենցաղի բարելավման համար՝ վերմակներ, բարձեր, գազի սալօջախներ սնունդ պատրաստելու համար, հիգիենայի պարագաներ, սնունդ և այլն։

Մի քանի օրվա ընթացքում ռուսաստանյան զինծառայողներն ավելի քան 16,5 տ մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին։