Քնի կաթված. Ի՞նչ է դա

Կտրուկ հպումը, քայլերը բնակարանում, որտեղ դուք ապրում եք միայնակ, շնչահեղձությունը եւ այն զգացողությունը, որ ինչ-որ մեկը ձեզ հետեւում է, քնի կաթվածի ժամանակ հալյուցինացիաների նշաններ են: Սա հիվանդություն է, որի դեպքում անհնար է շարժվել, մարդը հստակ գիտակցում է, որ քնած չէ եւ շարունակում է տեսնել սարսափելի պատկեր, որը նկարել է երեւակայությունը:

Քնի կաթվածը բավականին տարածված վիճակ է՝ բնակչության շրջանում մարդկանց 7,65%-ը դա կյանքում գոնե մեկ անգամ ապրել է, եւ այդ փորձը նրանց համար վախեցնող է եղել: Ընթացքում անհատը գիտակցում է, բայց միեւնույն ժամանակ զրկված է շարժվելու հնարավորությունից եւ դիտում է իր հետ կատարվող սարսափելի տեսարանը, բայց ի վիճակի չէ այն կանգնեցնել:

Ամենից հաճախ այս տիպի հիվանդությունները հայտնվում են այն մարդկանց մոտ, ովքեր ունենում են քնի խանգարում, սթրեսներ, անքնություն, հորմոնալ խանգարումներ, օրվա ռեժիմի խախտում եւ հոգեկան խանգարումներ: Եւ նաեւ նրանց մոտ, ովքեր տառապում են քնի քրոնիկ պակասից կամ նախորդ օրը ծանր հոգնածություն են ունեցել:

Քնի կաթվածի ժամանակ մարդու մարմինը զրկված է շարժունակությունից այն պատճառով, որ քնի ընթացքում շարժումն ապահովող մկանները չեն վերահսկվում: Գիտակցությունը չի հասցնում լքել քնի փուլը, որում շարժումը բացակայում է, ուստի մարմինը մնում է անշարժ: Այս վիճակը սովորաբար տեւում է 15 վայրկյանից մինչեւ մի քանի րոպե:

Ռուսաստանի քնաբանների ընկերության նախագահ Ռոման Բուզունովը aif.ru կայքին ասել է, որ այս հիվանդության դեպքում անհրաժեշտ է կարգավորել քնի եւ արթնության ռեժիմը, հանգստացնող վարժություններ կատարել եւ հրաժարվել ալկոհոլից: Բացի այդ, չպետք է ֆիզիկապես ծանրաբեռնվել:

Նրանք, ովքեր բախվել են այս երեւույթի հետ, Բուզունովը խորհուրդ է տալիս չնյարդայնանալ, նախ շարժել աչքերը եւ դեմքը ծամածռել: Դրանից հետո վիճակը կբարելավվի, եւ քնի կաթվածը կվերանա: