Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են. Ժոզեպ Բորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին այն մասին, որ նա «հոգեկանը բուժելու կարիք ունի», անընդունելի է Եվրամիության համար, «Թվիթեր»-ում գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի հայտարարություններն անընդունելի են։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ վտանգավոր առճակատման շղթան», – նշել է նա։ԵՄ պաշտոնյան ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի եզրակացությունները իրական առաջարկ են պարունակում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար, բայց այդ դրական օրակարգի համար պետք է թուրքական իշխանությունների քաղաքական կամքը։

«Հակառակ դեպքում Թուրքիան ավելի մեկուսացած կդառնա»,- եզրափակել է Բորելը։