Գրավի չափը թողնելու են դատարանը որոշի, ներկայացնելու են երկրում տիրող վիճակը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի միջնորդությունն՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում պաշտպաններից Էմին Խաչատրյանն ասաց, որ գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը։ Նման միջնորդություն են ներկայացրել, քանի որ, ըստ իրենց, առաջ է եկել նոր հանգամանք, այն է՝ երկրում ռազմական դրություն է։

Հարցին, թե հայտարարում էին, որ քաղաքական պատվեր է այս գործով եւ տվյալ դեպքում Ծառուկյանին կալանավորած դատավորը գրավ կկիրառի՞, փաստաբանը պատասխանեց, որ այս դեպքում այլ իրավիճակ է, կալանավորելու որոշում կայացնելի պատերազմ չի եղել։

Նա նաեւ նշեց, որ, հավանաբար, միջնորդության քննությունն այսօր կավարտվի, քանի որ իրենք ներկայացնելու են միայն այն, ինչ կապված է ռազմական դրության հետ։

Փաստաբանը նաեւ հավելեց, որ իրենք դեռեւս չեն ստացել Վերաքննիչի որոշումը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը՝ կալանավորման հետ կապված։