Norway Chess. Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակով (ֆոտո)

Նորվեգական Ստավանգերում ավարտված Altibox Norway Chess մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով հաղթեց միանձնյա առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին, որը ժամանակից շուտ ապահովել էր առաջին տեղը:

Աշխարհի գործող չեմպիոնն իր պարտությունն ընդունեց 58-րդ քայլին:

Լևոն Արոնյանը 17.5 միավորով գրավեց երրորդ տեղը՝ 2 միավոր զիջելով Կարլսենին: Երկրորդ տեղը գրաված 17-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուզջան հավաքեց 18.5 միավոր:

Մրցաշարում երրորդ տեղ գրավելու համար հայ գրոսմայստերը կստանա 24 հազար դոլար պարգևավճար:

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան մրցաշարն ավարտեց 15.5 միավորով, լեհ Յան Կշիշտոֆ Դուդան՝ 9.5, իսկ նորվեգացի Տարի Արյանը՝ 3.5:

Հիշեցնենք, որ Altibox Norway Chess-ում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, արմագեդոնում հաղթողը հավաքում է 1.5 միավոր, իսկ պարտվողը՝ 1։ Ոչ ոքիի դեպքում գրոսմայստերները նույն խաղաքարերով մրցում են արմագեդոնում: