Բելգիայում փակել են սրճարաններն ու պարետային ժամ սահմանել

Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով Բելգիայի կառավարությունը որոշել է դիմել ավելի կոշտ կարանտինային միջոցառումների։ Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։

Այսպիսով, թագավորության վարչապետ Ալեքսնադր Դե Կրոն կառավարության արտահերթ նիստի արդյունքներով ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկուշաբթիից սկսած՝ երկրում կսահմանվի պարետային ժամ։ Մարդկանց կարգելվի դրսում գտնվել ժամը 00.00- 5։00-ն։ Սրճարանների աշխատանքը կդադարեցվի։

Հոկտեմբերի 19-ից հեռավար աշխատանքը կդառնա պարտադիր, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքը տնից կազմակերպել հնարավոր չէ։

Բելգիացիներին թույլատրվել է տանն ընդունել 4 հոգուց ոչ ավելի՝ պայմանով, որ 2 շաբաթվա ընթացքում հյուրերը կլինեն միևնույն մարդիկ։ Վարչապետի խոսքով՝ բժշկական համակարգը գտնվում է ուժեղ ճնշման ներքո, և որ անհավասար պայքար է մղվում վիրուսի դեմ։

Բելգիայում արդեն գործում է հանրային փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր ռեժիմ։

Վերջին 2 շաբաթում  նոր դեպքերն ավելացել են 182 տոկոսով։ Պանդեմիայի սկսվելուց ի վեր երկրում գրանցել է ավելի քան 200 հազար դեպք, որից 10 359-ը՝ մահվան ելքով։