Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի ԼՂ-ի անկախությունը․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Լոս Անջելեսում մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային, ինչպես նաև հանդես է եկել ելույթով:

Շիֆը նաև գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում է, որ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, քնել բաց երկնքի տակ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։

Պատմական եկեղեցիներ ու քաղաքներ ռմբակոծվել ու ավերվել են: Սիրիայից վարձկան զինյալներըեն տեղակայվել Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների կողմից: Չնայած սրան՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի վրա է, Հայաստանի ժողովուրդը ոտքի վրա է: Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ»,- ասել է Շիֆը:

Շիֆը նշել է, որ պատերազմը չի սկսել անմիջապես, այլ այն արդյունքն է Բաքվի կոռումպացված վարչակարգի քաղաքականության:

«Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ չեն կարող տասնամյակների վեճը լուծել քաղաքացիական բնակչության դեմ ուժի անխնա կիրառման ճանապարհով, իսկ ԱՄՆ-ը չպետք է անգործություն ցուցաբերի այդ հարցում»-գրել է նա:

Ըստ նրա՝ այս հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե հրթիռակոծություննոոոի և հրետակոծությունների: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կանգնի Ստեփանակերտի երիտասարդ ժողովրդավարության կողքին, այլ ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Շիֆը նաև ընդգծել է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն բանակցել Արցախի հետ կապված հարցերի շուրջ, ապա ժամանակն է, որ Միացյալ Նահանգները ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: