Սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ–ը երկրորդ միջանկյալ զեկույցն է պատրաստել

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Տեղեկատվական շտաբից։

Շտաբը, մասնավորապես, հայտնում է.

«Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետեւանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն եւ վերլուծություն:

Մինչեւ հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին եւ 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք եւ չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) եւ Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) եւ Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):

Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 68-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 38-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետեւանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 11-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 26-ը` հասարակական այլ վայրերում:

Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 34 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 14 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ եւ այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտներ:

Զեկույցում նշվում է, որ զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետեւանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածել է Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին,­ որը լրջագույն պատերազմական հանցագործություն է եւ խորացնում է մարդասիրական աղետն Արցախում»։