Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին. Արայիկ Հարությունյան

Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման մասով, դիմելու եմ Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դիմելու եմ նաեւ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- ասաց Արցախի նախագահը։
Հարությունյանի խոսքով՝ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին. «Այդ երկրները պետք է ցուցակագրել ու այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցեն իրենց իշխանությունների վարքագիծը, այդ իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ։
Ձեւավորված կոալիցիայի, ահաբեկիչների, Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչպիսին է լինելու, ինչքանով են հարգելու Ռուսաստանի միջնորդությունը, ինչքանով են հարգելու միջազգային կառույցների հայտարարությունները եւ գնալ կրակի դադարեցման՝ առաջին հերթին հումանիտար եւ հետո արդեն բանակցությունների։ Եթե դա չլինի, ապա դա ապացույց է, որ այս տարածաշրջանում ոչ թե Ղարաբաղա-արբեջանական պայքար է, այլ թաքնված է շատ ավելի ծանր, մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ կամ ծրագրեր»։
Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հակառակորդի կողմից Ստեփանակերտին հրթիռակոծելուն՝ նշեց, որ Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ, Կասիրգա, հարվածային անօդաչուներ. «Ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Էլ չասեմ Ղազանչեցոցի մասին, որի շրջակայքում որեւէ զինվորական օբյեկտ չկա, սակայն այն հրթիռակոծվեց: Ադրբեջանը վարում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց»։
Արցախի նախագահը շեշտեց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս. «Եվ այսքանից հետո ակնկալում են, որ Արցախը համաձայնվի իրենց պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, ինչի շրջանակներում մենք նաեւ Հայաստանի ու հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախի ժողովուրդն իր սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն հաստատված ու ճանաչված է»։