Չէի պատրաստվում անդրադառնալ այս օրերին մեր կողմից իրականացվող աշխատանքներին, բայց ստիպված եմ․Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Չէի պատրաստվում անդրադառնալ այս օրերին մեր կողմից իրականացվող աշխատանքներին, բայց ստիպված եմ, քանի որ հնչում են հարցեր և մեկնաբանություններ մամուլի ներկայացուցիչների և երիտասարդության որոշակի շերտերի կողմից․

ԲՀԿ Եիրիտասարդների Միության անդամները առաջին իսկ օրվանից կամավորագրված են առաջնագիծ մեկնելու համար: Թիմի անդամներից ոմանք արդեն հասցրել են մեկնել առաջնագիծ, մյուսները սպասում են համապատասխան հրամանի (նրանց շարքում են բժիշկներ, կամավորականներ, պահեստազորայիններ)։

Արցախի հրթիռակոծությունների առաջին իսկ օրվանից մեր թիմը բազմակի անգամներ ուղևորվել է Արցախ և ինտենսիվ ռմբակոծվող տարածքներից բազմաթիվ ընտանիքներ և քաղաքացիներ մեր կողմից տեղափոխվել են ՀՀ։

ԲՀԿ ԵՄ-ն ողջ ընթացքում իրականացրել է Արցախի Հանրապետությունից տեղափոխված 400 ընտանիքների և քաղաքացիների կենցաղի և սննդի կարիքների ստաբիլ ապահովում։ ԲՀԿ ԵՄ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներն արդեն 12 օր է, ինչ հավաքագրում են առաջին անհրաժեշտության պարագաներ և ուղղում դեպի առաջնագիծ (ևս մեկ բեռնատար կուղևորվի մի քանի ժամից)։

ԲՀԿ ԵՄ-ն կազմել է կիբեր ջոկատ, որն աշխատել է մեդիահարթակներում ընթացող տեղեկատվական պատերազմին դիմակայելու համար։

ԲՀԿ ԵՄ անդամները արյան բանկին նվիրատվություն կատարելու նպատակով այցելել են արյունաբանական կենտրոններ և արյուն են հանձնել մեր զինվորների կյանքերը փրկելու համար։

ԲՀԿ ԵՄ-ն հավաքագրել է մեծաքանակ անվադողեր, որոնք համապատասխան մարմինների հրամանով (փոխադարձ կապը պահպանվում է) կուղարկվեն անհրաժեշտ ուղղություններով։ Անվտանգության նկատառումներից ելնելով որոշ գործողությունների և միջոցառումների մասին չեմ կարող բարձրաձայնել այս պահին, բայց դեռ առիթներ կլինեն խոսելու (որոշ բաներ ընդհանրապես ենթակա չեն բարձրաձայնելու)։Անձամբ իմ արած կամ չարածները սկզբունքներից ելնելով չեմ բարձրաձայնի։ Վերևում նշել եմ թիմակիցներիս գործունեության մասին, նշեմ նաև, որ իմ թիմը վերոնշյալ գործունեությամբ զբաղվում է միշտ, անկախ պատերազմական դրությունից։ Սելֆիների, ցուցամոլության կամ ինքնագովազդի ժամանակը չէ։ Չենք պատրաստվում լուսանկարվել կամ սելֆիներ անել ցավից լցված աչքերով, սրտերով և հոգիներով, տունը, հողն ու զավակներին թուրքի նշանակետի տակ թողած և հանուն գոյատևման մեզ հետ այստեղ եկած ժողովրդի հետ, չենք պատրաստվում նաև հատ առ հատ լուսանկարել երիտասարդների հավաքած առաջին անհրաժեշտության պարագաներով լի արկղերը, այս պահի դրությամբ դա ոչինչ է։ Ոչինչ չկա լուսաբանելու, սա պարտականությունն է յուրաքանչյուրի և յուրաքանչյուրիս։ Պատերազմի դաշտում հանուն հայրենիքի ընկած մեր 100-ավոր հերոսների ցավը, այս պահին կռվող քաջերի վտանգված կյանքը բավարար նախապայմաններ են խուսափելու համացանցային գովազդներից։ Սիրելի երիտասարդներ, բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր կողմից իրականացվող աշխատանքներին։Գործեք հանուն հայրենիքի, այլ ոչ թե հանուն սոցիալական ցանցերի։

Չէի պատրաստվում անդրադառնալ այս օրերին մեր կողմից իրականացվող աշխատանքներին, բայց ստիպված եմ, քանի որ հնչում են հարցեր և…

Posted by Ашот Андреасян on Friday, October 9, 2020