«Տարածաշրջանային հավակնություններն ընդլայնելու համար որքա՞ն հեռու կարող է գնալ Էրդողանը»․ Arab News

Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածության ֆոնին Անկարան Բաքվին առաջարկել է իր լիակատար դիվանագիտական աջակցությունը և ոչ միայն. տարածաշրջանից հաղորդումներ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից մի քանի հարյուր վարձկաններ, որոնց Հարավային Կովկաս են տեղափոխվել Թուրքիայի կողմից: Այս մասին «Հարավային Կովկասի հակամարտությանն Անկարայի միջամտությունը մեծ քննադատության տեղիք է տվել» վերտառությամբ հոդվածում գրում է սաուդյան Arab News թերթը:

Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին Անկարայի միջամտությունից հետո վերջինիս ակտիվ մասնակցությունը Հարավային Կովկասի հակամարտությանը քննադատությունների և մտահոգությունների տեղիք է տվել այն մասին, թե իր տարածաշրջանային հավակնություններն ընդլայնելու համար որքան հեռու կարող է գնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշում է թերթը։

Arab News-ը հայտնում է, որ իր աղբյուրների հավաստմամբ՝ Անկարան ղարաբաղյան մարտերին մասնակցելու համար վարձկաններ է բերել լիբիական ճակատից, որտեղ վերջին շրջանում հարաբերական անդորր է հաստատվել․ Թուրքիայի դաշնակից  «Սիրիական ազգային բանակ»-ի 1000 մարտիկ ցանկություն է հայտնել մասնակցել Արցախում ընթացող մարտերին:

Նշվում է, որ սիրիացի վարձկանները հավաքագրվում են թուրքական հետախուզության միջնորդությամբ, նրանց խոստանում են ամսական 2000 դոլար աշխատավարձ և հետագայում Թուրքիայի քաղաքացիություն: Աղբյուրի տեղեկություններով՝ վարձկաններին թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխել են Գյանջա (Գանձակ- tert.am) և Բաքու՝ օգտագործելով Վրաստանի օդային տարածքը։

«Մոտ մեկ ամիս առաջ WhatsApp-ով «Սիրիական ազգային բանակ»-ի զինյալների շրջանում լուրեր տարածվեցին, որ նրանք կարող են գրանցվել Ադրբեջան մեկնելու համար։ Շատերը գրանցվել են այս հավելվածի միջոցով, մյուսները, ըստ երևույթին, Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական շրջաններում գրասենյակների միջոցով: Գրոհայինները գրանցվել են 2-2,5 հազար դոլար աշխատավարձերի մասին գայթակղիչ լուրերի համար»,-նշել են փորձագետները։

Հիմնականում ընտրվել են Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ «Համզա դիվիզիա»-ի գրոհայինները։

«Թուրքիայում այս օրերին ծայրահեղ ագրեսիվ գաղափարներ են հնչում, ընդհուպ մինչև Հայաստանի մայրաքաղաքին հարվածներ հասցնելը», նշում է Arab News-ը՝ մեջբերելով կառավարամետ առաջատար թերթերից մեկի՝ Yeni Şafak -ի գլխավոր խմբագիր Իբրահիմ Կարագյուլի՝ թուրքական բանակին ուղղված մոլեռանդ ու հայատյաց  կոչը, այն է՝ «հրթիռով հարվածել Երևանի կենտրոնին»՝ Ադրբեջանի հետ թուրքական համերաշխությունը ցուցադրելու համար։

«Այսպիսով, մենք կարող ենք կառուցել նոր Կովկաս»,- Arab News-ը մեջբերել է նրա խոսքերը։