Հարգելի գերագույն հրամանատար, խնդրում եմ ՝ զորակոչեք ինձ, երբ իմ կարիքը լինի. Սրբուհի Գրիգորյան

Ազգային ժողովի արտահերթ նիստին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընթերցեց երեք խմբակցությունների պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ:

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ ինքը պատրաստ է մեկնել առաջնագիծ, բայց ոչ թե ոգևորելու զինվորներին, այլ իրապես կռվելու: Նա կոչ արեց հայ կանանց, մայրերին ամուր լինել: «Խաղաղությունը ոչ մուրում, ոչ էլ պահանջում են, խաղաղությունը պարտադրում են: Մենք չպետք է գլխիկոր կանգնենք սևազգեստ մայրերի կողքին ու խղճահարություն տարածենք, մենք պետք է առավել քաջ լինենք»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ մեր հարևանները չեն փոխվելու, և մենք պետք է տնտեսապես հզորացնենք մեր երկիրը, որովհետև աշխարհը փոխվում է, և ուժով պետք է պարտադրենք հարևաններին հեռու մնալ մեր սահմաններից:

«Հարգելի գերագույն հրամանատար, խնդրում եմ՝ հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ հենց առաջին վայրկյանին, երբ իմ կարիքը լինի, եթե դա հենց այս պահին, ուրեմն հենց այս պահին, զորակոչեք որպես Փառանձեմ թագուհու հետևորդի, որպես այն հայ քաղաքացու, որը  ճակատագրի բերումով երկրին զավակ չի տվել ու անչափելի պարտք ունի ու պարտականություններ այս երկրի հանդեպ»,-ասաց նա: