«ԼՂ հակամարտությունում ներգրավվումը կարող է վերջնականապես ծնկի բերել Թուրքիայի տնտեսությունն ու արժեզրկել լիրան»․ EADaily

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, երբ երկիրը ներքաշվել է ևս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի, թուրքական Ahval թերթին հղումով գրում է eadaily.com-ը։

Լիրան նաև ընկնում է արևմտյան վարկային և ֆինանսական հաստատությունների, այդ թվում` Goldman Sachs-ի կողմից հնչեցված գնահատականների ֆոնին, որոնց համաձայն՝ այժմ զարգացող երկրների արժույթներում ներդրումներ կատարելու համար ամենահարմար ժամանակը չէ:

«Մտավախություն կա, որ թուրքական տնտեսությունը, որը ծնկի է գալիս, մինչ Անկարան ակտիվորեն մասնակցում է Սիրիայի հյուսիսում հակամարտությունների սրմանը, Միջերկրական ծովում՝ Հունաստանի հետ հակամարտությունների սրմանը, կարող է ներքաշվել ևս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, որը նա իրեն չի կարող թույլ տալ ո՛չ քաղաքական և ո՛չ էլ տնտեսական տեսանկյունից»,-ասել է Սինգապուրում OANDA առցանց բրոքերային ընկերության ավագ վերլուծաբան Ջեֆրի Հելին։

Նշվում է նաև, որ Թուրքիայի կենտրոնական բանկը անցյալ շաբաթ 2 տոկոսային կետով բարձրացրել է բազային տոկոսադրույքը մինչև 10.25 տոկոս, որպեսզի օգնի պահպանել լիրան, որից ներդրողները շարունակում են ազատվել երկրում տնտեսական անկայունության վերաբերյալ մտավախությունների պատճառով: