Վրաստանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է «ցանկացած ձևով նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության նվազմանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Այս մասին տեղեկացնում է ВЗГЛЯД պարբերականը: 

Վրաստանի արտգործնախարարությունը «մտահոգություն» է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ և հույս հայտնել, որ կողմերը «զինադադարի շուրջ համաձայնության կգան»:

Հակառակ դեպքում, ըստ վրացական կողմի, ծավալվող իրադարձությունները «ծայրահեղ բացասական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա»: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ծայրաստիճան անհանգստություն» է հայտնել կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: 

«Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում պետք է լինեն մեր ընդհանուր գործը»,-գրել է Զուրաբիշվիլին թվիթերյան օգտահաշվում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: