Ջոնսոնը պատվաստումների հակառակորդներին «խելագար» է անվանել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում, հակապատվաստումային շարժման կողմնակիցներին «խելագար» է անվանել: Նրա ելույթը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

«Անգամ հիմա, երբ մենք այդքան շատ ենք ձգտում պատվաստանյութ ստանալ, ոչ մի դեպքում չպետք է նահանջենք կանոններից` կրճատենք  կլինիկական հետազոտությունները կամ զոհաբերենք անվտանգությունը` ավելի արագ արդյունք ստանալու համար: Ողբերգություն կլինի, եթե մենք ավելորդ ձգտման պատճառով ջուր լցնենք  հակապատվաստումային շարժման խելագար կողմնակիցների ջրաղացին, վտանգավոր մարդկանց, որոնք մոլուցքով են տարված, որոնք դեմ են պատվաստումների բուն սկզբունքին և կարող են վտանգել միլիոնավոր մարդկանց կյանքեր»,-ասել է Ջոնսոնը:

Ջոնսոնը նաև նշել է, որ Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութը գտնվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում և որ Astra Zeneca դեղագործական ընկերությունն արդեն սկսել է դեղերի միլիոնավոր չափաբաժիններ արտադրել: