Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում կամավոր դոնորության

Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության: Այս  մասին հայտարարություն է տարածել ԱՀ ՊՆ-ն:

Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր:

Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար:

Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ:

Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ: