«Այս իրավիճակից խուսափելու համար պետք է համաձայնեինք, որ Արցախը ԼՂ ինքնավար մարզ է. համաձա՞յն ենք այդպիսի լուծման». Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորներին

Այսօր չկան կարգավիճակներ, կոչումներ, դիրքեր, կարգեր, այսօր կա մեկ կերպար՝ հայ, ՀՀ քաղաքի, ԱՀ քաղաքացի և մարդ, որը պիտի արձանագրի մեկ բան՝ կին, ծեր և երեխա սպանող Ադրբեջանի նախապայմանները չեն կարող լինել ուղենիշ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ԱԺ հատուկ նիստին, դիմելով ՀՀ վարչապետին, հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Մենք մեր բոլոր խնդիրներով, հակասություններով ու հարցերով հանդերձ՝ չենք կարող լինել այլ կերպարի մեջ, քան մեկ, միաբան ազգի ներկայացուցիչ»,-ասաց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ՀՀ-ի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին՝ առանց որևէ նախապայմանի, կարգավիճակային ճշգրտման:

«Ադրբեջանը շատ հստակ, հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել ԼՂ որևէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: Լինելու են հարցեր՝ արդյո՞ք կարող էինք խուսափել և ի՞նչ պետք է անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից. պետք է անեինք մի բան՝ համաձայնեինք, որ Արցախը ԼՂ ինքնավար մարզ է՝ գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրան համաձայնենք, հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել»,-ասաց նա ու դիմելով խորհրդարանին՝ հարցրեց. «Մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման. եթե այո, հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»:

Պատգամավորները միաձայն արձագանքեցին՝ «ոչ»: Վարչապետը հայտարարեց, թե չէր էլ կասկածում, որ այդպիսին է հավաքական դիրքորոշումը: