Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին․ մեր ուժը մեր միասնությունն է․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Ադրբեջանի՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին: Մեր ուժը մեր միասնությունն է:

Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին․․․»։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավելի ուշ նա գրել էր, որ  իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է Պողոսյանը։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Արցախում հայտարարվել է ռազմակն դրություն և համատարած զորահավաք։