Ադրբեջանի վարքագիծը հստակ ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության. Տաթև Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով` Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ այդ երկիրը պատրաստ չէ խաղաղության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ մեկնարկած ռազմական գործողությունների համար հենք են ծառայել հայկական կողմի հասցեին ուղղված սպառնալիքները և վերջին օրերին Ադրբեջանի հռետորաբանության սրացումը:

«Պետք է նշեմ, որ վերջին շրջանում կրկին ադրբեջանական հռետորաբանության սրացում էինք նկատում և սպառնալիքներ: Դրան զուգահեռ, քարոզչական դաշտում վերջին 2 օրվա շրջանում շարունակ պտտվում էին տեսանյութեր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և այդ տեսանկյունից կարծես հենք էին նախապատրաստում նաև ներքին լսարանի համար` հնարավոր հարձակում սկսելուց առաջ»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ ՄԱԿ-ում Ադրբեջանը նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որն ամբողջությամբ ստերի վրա էր հիմնված, նույնպես այդ գործողություններին նախապատրաստող քայլ էր:

«Եթե Ադրբեջանը իսկապես ցանկանար հասկանալ կամ ցույց տալ, թե ով է ագրեսիվ կողմը, ապա առաջին հերթին կողմ կլիներ մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը, իսկ Ադրբեջանի ողջ պահվածքը հստակ ցույց է տալիս, որ այս երկիրը պատրաստ չէ խաղաղության և գնում է ռազմական արկածախնդրության, որը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ հենց Ալիևի իշխանության համար»,- նշեց Տաթև Հայրապետյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էոր հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ և երեք տանկ: Ադրբեջանն ունի նաև մարդկային և տեխնիկայի կորուստներՀՀ ԶՈՒ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ նաև հակառակորդի ԱԹՍ է խոցել: Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պաշտոնապես հաստատել է մեկ ուղղաթիռի կորուստը: