Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց. դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ծառուկյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 13։30-ին։

«Մի բան պարզ էր, որ այստեղ անկհայտ շահագրգռվածություն կար։ Պարզվում է, երբ պաշտպանի բողոքը հետ են ուղարկել՝ որոշակի տեխնիկական շտկումներ անելու եւ հետ ուղարկելու համար, տրամադրվել է ընդամենը 2 օր դրա համար, այն դեպքում, երբ սովորական փորձը ցույց է տալիս, որ այդ ժամկետները գոնե 10-25 օր են լինում։ Հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որպեսզի անձամբ գնան փոստային բաժանմունք եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալը։ Այսինքն՝ խնդիրը, որ ակնհայ շահագրգռվածություն կա, որ ինչ-որ անձինք հանձնարարում են՝ արագություն ապահովեն, որ ինչ-որ աշխատակիցներն էլ ջանասիրաբար գնում ու փոստերից վերցնում են եւ այլն»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Պաշտպանի խոսքով՝ այդ ամենը կատարվել է, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում. «Ամսի 10-ին մերժվեց բողոքը ու բոլորին ուղարկեցին որոշումները, սակայն գործը չուղարկեցին, մնաց Վճռաբեկ դատարանում մինչեւ ամսի 17-ը։ Նույն օրը բերեցին առձեռն մուտքագրեցին Կենտրոնի դատարան։ Ինչո՞ւ, որովհետեւ հանկարծ փոստով չուղարկեն, ժամկետների խնդիր չլինի եւ այլ դատարանի հերթապահության օրով լինի»։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):