Գոգյանը հեռացավ՝ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին. Ռուբեն Մխիթարյանը՝ ԲՈԿ նախագահի հրաժարականի մասին

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին:

«Հիշում եք, չէ՞, որ երբ Գոգյանը նշանակվեց ԲՈԿ-ի ղեկավար, համացանցում հայտնվեցին իր՝ տարիներ առաջ արված նկարները, իբրև թե ցույց տալու համար, որ էդ տղեն թեթևամիտ է (ստորություն էր դա), ու իշխանական ամբողջ բանակը լծվեց Գոգյանին պաշտպանելու «սուրբ» գործին՝ առաջին պլան բերելով իր գիտական, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները…

Երեկ Գոգյանն ազատվեց աշխատանքից իր դիմումի համաձայն, ու իշխանական սազանդարները քար լռության մեջ են: Իրավիճակի ամբողջ հեգնանքը կայանում է նրանում, որ Գոգյանը հեռացավ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին:Այդպես է լինելու արժանապատվություն ունեցող բոլոր մասնագետների հետ, Արյունաբանականի ականջը կանչի»,- գրել է նա: