Գագիկ Ծառուկյանի կալանավորմամբ ոչ թե ԲՀԿ օրակարգը փոխվելու է, այլ ավելի լուրջ գործընթաց է դառնալու. Լուիզա Սարգսյան (տեսանյութ)

Այս գործընթացն ինչ սկսվել է, մենք անընդհատ ինչ-որ անսպասելի երևույթների ենք ականատես լինում, առաջին փուլը սկսվեց Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, իսկ մոտ օրերս հայտարարված էր հոկտեմբերի 8-ի հանրահավաքի մասին, և հենց այդ տեղեկությունը տարածվեց, արդեն գործընթացը սկսվեց այսպես՝ ինչ-որ արագ քայլեր, մենք սպասում էինք վճռաբեկի որոշմանը, բայց շատ անսպասելի գործընթաց սկսվեց: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանը:

Ճշտող հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, իշխանափոխության ծրագրերը հետ կմղվեն, ու առաջնային պլան կգա Ծառուկյանի պաշտպանության ակցիանե՞րը, Սարգսյանն ասաց, որ ոչինչ էլ հետ չի մղվի: «Գագիկ Ծառուկյանն ինչի մասին խոսել է, ինչ պահանջներ մեր կուսակցությունը ներկայացրել է, ես կարծում եմ՝ նրա կալանավորմամբ ոչ թե այդ ամեն ինչը փոխվելու է, այլ ավելի լուրջ ու խորը գործընթաց է դառնալու և ավելի լուրջ ընթացք է ունենալու: Իհարկե, Կուսակցությունն ու ԲՀԿ ԱԺ խմբակցությունն ունի իր օրակարգը, տեսլականը, և ինչի մասին ինչ խոսել ենք, շարունակելու ենք խոսել, կալանավորմամբ և ոչ կալանավորմամբ Հայաստանի կյանքը չի փոխվում, հայ ժողովուրդը չի սկսում բարեկեցիկ ապրել»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ իշխանությունները պնդում են, որ սա զուտ իրավական գործընթաց է, նա ասաց. «Ես չեմ կարծում, որ նման զուգադիպություններ հնարավոր են կյանքում, իրավական գործընթացը սկսվեց հունիսի 5-ի՝ պարոն Ծառուկյանի հանրահայտ ելույթից հետո և այսպիսի հապճեպ իրավական գործընթաց սկսվեց դրանից հետո, երբ պարոն Ծառուկյանը հայտարարեց հոկտեմբերի 8-ի հանրահավաքի մասին»:

Դիտարկմանն էլ՝ ԲՀԿ-ի հետ «Հայրենիքն» ու ՀՅԴ-ն են բանակցում, մյուս ուժերը զերծ են պահում իրենց, քանի որ հստակ օրակարգ չկա, նա ասաց. «Ես չեմ կարծում, թե մյուս ուժերը զերծ են պահում իրենց, ուղղակի մի փոքր ավելի ակտիվ կամ պասիվ լինելու հարց կա: Այս ընթացքում ոչ միայն այդ երկու կուսակցություններն են համագործակցել մեզ հետ, բազմաթիվ կուսակցություններ, անհատներ, ՀԿ-ներ իրենց աջակցությունն են հայտնում, Ծառուկյանի հետ հանդիպում են ունենում, նրանք էլ պնդում, որ ՀՀ-ն կանգնած է լուրջ խնդիրների առաջ, և որ այդ խնդիրները պետք է օր առաջ լուծում ստանան»:

Լուիզա Սարգսյանն ընդգծեց, որ իրենք օրակարգի մասին դեռ հունիսի 5-ից են ասել, օրակարգում ոչինչ չի փոխվել, իսկ այն խորը հարցերը, որոնք կան, հանրահավաքի օրը կբարձրաձայնեն:

Նա հավելեց, որ իր հանդեպ գործ չկա հարուցված, նաև չի հարցաքննվել, միայն հունիսի հինգին ԱԱԾ աշխատակիցները ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իր սենյակից էլ են համակարգիչ ու թղթեր առգրավել:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ ՀՀ ողջ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի:

Նյութի աղբյուրը ՝ Թերթ.am