Ամեն ինչ արվել է, որպեսզի միջնորդությունն արագ բավարարվի. նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել Գագիկ Ծառուկյանին․ փաստաբան (տեսանյութ)

Այս պահին դեռևս որոշում չի կայացվել: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը, ամենայան հավանականությամբ, կհրապարակվի 13:30-ին: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, թե դատավորի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ տեղեկություններ են ստացել, որ ինչ-որ պաշտոնատար անձանց միջամտությունների արդյունքում և ինչ-որ մարմինների փոխադարձ համաձայնությամբ նախապես որոշում է կայացվել, որ վճռաբեկ բողոքները պետք է հնարավորինս արագ մերժվեն, մերժվելն էլ պետք է այնպես լինի, որ ժամկետները համապատասխանեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի հերթապահությանը։

«Մեր ունեցած փաստերն ու այս արագությունը ցույց են տալիս, որպեսզի ամեն ինչ արվել է, որ միջնորդությունն արագ բավարարվի. նպատակը մեկն է՝ հնարավորինս շուտ կալանավորել Գագիկ Ծառուկյանին»,– ասաց նա:

«Քանի որ հերթապահության օրը մեկ շաբաթ էր՝ սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում, որոշված էր, որ գործը պետք է մուտքագրվի հենց այս օրը, որ հստակ հանձնարարվի հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանին»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե այս տեղեկությունները հետագայում հաստատվել են որոշակի փաստական տվյալներով:

Ըստ Երեմյանի՝ հստակ փաստական տվյալներ կան, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որ անձամբ գնան փոստային բաժանմունք, և ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալ:

«Այս հանգամանքն այնքան կարևոր է, դատարանի աշխատակիցն անհանգստացած է՝ պաշտպանն ստացա՞վ որոշումը, թե՞ ոչ, որովհետև ժամկետների խնդիր ունեն: Եթե պաշտպանը ուշ է ստանում, իրենք չեն կարողանում կոնկրետ ժամկետում մուտքագրել, որ Մնացական Մարտիրոսյանին մակագրվի»,-ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ շահագրգռվածություն կա, ինչ-որ անձինք հանձնարարում են, որ արագություն ապահովեն: «Արագությունը պայմանավորված է նրանով, որ հստակ քաղաքական պայմանավորվածություններ կան, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ԲՀԿ կողմնակիցների հետ, նաև հանրահավաք է նախաձեռնվում: Այս ամենը հրատապության կարիք ունի և հրատապ մեխանիզմով արվում է, ցավոք, նաև դատական համակարգի ակտիվ մասնակցությամբ»,-ասաց փաստաբանը:

Տեսանյութը՝ Թերթ.am