Պարգևավճարների, ինքնաթիռ ներկելու և իրենց ճանապարհորդությունների համար գումար կա. Վարդան Բոստանջյան

Բազմաթիվ ոլորտներում սահմանափակումների պատճառով ՀՆԱ-ն քիչ եղավ, ինչը խոսում է մեր տնտեսական ցուցանիշների անկման մասին: Բնական է որ, պետք է ունենայինք քիչ ֆինանսական հնարավորություններ, դա 49 տոկոս կլինի, թե մինչև տարվա վերջ ինչքան կկազմի, դժվար է ասել, բայց հասկանալի է, որ դա պայմանավորված է համավարակով և տնտեսական տարբեր ոլորտներում գործունեության սահմանափակումներով. Tert.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ՊԵԿ նախագահի այն տեղեկությունը, որ 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հարկային հավաքագրում և ենթադրվում է, որ տարբերությունը գնալով կաճի:

Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով հագուստի մաքսազերծման ընթացակարգի փոփոխությանը, որով մաքսազերծման գումարը կավելանա 1.5-2 անգամ, իսկ մաքսազերծումը կատարվելու է ոչ թե կիլոգրամով, այլ հատով, նշեց, որ իշխանությունը «անճարությունից», այդ կերպ, ցանկանում է փոխհատուցել այդ գումարը, մինչդեռ երկրի մի ստվար զանգված առևտուր իրականացնելով է կարողանում իր առաջնային խնդիրները լուծել և եկամուտներ ապահովվել, իսկ մաքսազերծման բարձրացումը նրանց եկամուտները կնվազեցնի և նոր խնդիրներ կառաջացնի.

«Պայմանավորված կորոնավիրուսով՝ վատ կառավարման համակարգի թերացումները վերականգնելու համար ուզում են գտնել միջոցներ և այդ ձևերից մեկն էլ մաքսազերծման նոր տարբերակն է: Դա է պատճառը, որ առևտրով զբաղվող քաղաքացիները կանգնած են խնդրի առաջ, բողոքում են, բայց  իշխանությունը չի մտածում նրանց մասին:

Ինչու չէ, նաև նշենք համավարակով պայմանավորված տուգանումները և այլն, տարբեր ձևերով փորձում են գումարը փոխհատուցեն, քանի որ պետական բյուջեում փող չկա, բայց պետք է նշել, որ, միևնույն ժամանակ, պարգևավճարների, ինքնաթիռ ներկելու, իրենց ճանապարհորդությունների համար գումար կա, այս համավարակի լավն այն է, որ նստեցին տանը, թե չէ ամբողջ աշխարհով պետության հաշվին շնչահեղձ ման էին գալիս»:

Հարցին, թե մաքսային նոր քաղաքականությունը կարո՞ղ է նպաստել  տեղական  արտադրանքի զարգացմանը, ինչը հաճախ նշվում է, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ դրանք իշխանության հերթական չհիմնավորված խոստումներն են.

«Իշխանությունը շարունակաբար, երկուսուկես տարի խաբում ու ապակողմնորոշում է  «օստաֆբենդեռություն» են անում, ամոթ չէ, դու այս տարվա խնդիրը չես կարողանում լուծել, 2050 թվականի մասի՞ն ես խոսում, ինչքան կարելի է մարդկանց հիմարի տեղ դնել: Ասում էին, որ կորոնավիրուսը իր հետ բերելու է մեծ հնարավորություններ, հասարակության մեջ կան «պողոսներ»,մարդիկ, որ ասում են ոտքերդ պաչեմ, իրենք էլ հիմնվում են այս ամենի վրա»: