Իտալիայում գողացել են նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդ-ի արյամբ ներկված մասունքը

Իտալիայի Սպոլետո քաղաքի տաճարից գողացել են Հովհաննես Պողոս Երկրորդ պապի արյան կաթիլներով ներկված անոթը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սպոլետո-Նորչի արքեպիսկոպոսության տարածած հաղորդագրությանը:

Մասունքի անհետացումը Սպոլետո տաճարի սպասավորները նկատել են չորեքշաբթի երեկոյան, ինչից հետո տաճար են կանչել կարաբինակիրներին:

Արքեպիսկոպոս Ռենատո Բոկկարդոն գողերին կոչ է արել անհապաղ վերադարձնել մասունքը:

«Զարմանքով և ցավով տեղեկացանք Հովհաննես Պողոս Երկրորդի մասունքի գողության մասին: Սա լուրջ արարք է, որը հարվածում է շատ մարդկանց բարեպաշտ զգացմունքներին»,-նշել է Արքեպիսկոպոս Բոկկարդոն:

Կարոլ Վոյտիլան ծնվել է 1920 թվականի մայիսի 18-ին Լեհաստանի Վադովիցե քաղաքում: Նա Առաքելական Աթոռի առաջնորդ է ընտրվել 1978 թվականի հոկտեմբերի 16-ին և ստացել է Հովհաննես Պողոս Երկրորդ պապական անունը: Նա դարձել է կաթոլիկության պատմության ամենաերիտասարդ հովվապետերից մեկը և սլավոնական ծագմամբ առաջին Հռոմի պապը: Նրա հովվապետությունը, որը տևել է ավելի քան 26 տարի, եկեղեցու պատմության մեջ երրորդն է իր տևողությամբ: 2014-ի ապրիլին նա սրբադասվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից: Նրա մահից հետո՝ 2005 թվականին, Իտալիայում առնվազն երեք մասունք էր մնացել նրա արյամբ: Դրանցից մեկը գողացել էին Ռովիգո նահանգում անցյալ տարվա ապրիլին: