«Գաղտնի երդմնակալությունն ավելի խարխլեց նրա հեղինակությունը»․ Լոնդոնը քննադատել է Լուկաշենկոյին

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալության արարողությունը` ընտրությունները որակելով «խաբեություն»։ Այս մասին նախարարը գրել է իր թվիթերյան էջում։

Նա նշել է, որ երդմնակալությունից հետո Լուկաշենկոյի հեղինակությունն «ավելի է խարխլվել»։

«Մինսկում Լուկաշենկոյի այսօրվա գաղտնի երդմնակալությունն էլ ավելի է խարխլում նրա հեղինակությունը», — գրել է Ռաաբը՝ ընտրությունները որակելով «կեղծված» և «բելառուս ժողովրդի դեմ կազմակերպված խաբեություն»։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:

Արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։ Միջոցառմանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պաշտոնյաներ, խորհրդարանականներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մշակույթի և սպորտի գործիչներ և այլք։

Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո մտադիր է բողոքի անժամկետ ակցիա անցկացնել, ինչի մասին հայտնել է բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Պավել Լատուշկոն:

«Մենք երբեք չենք համաձայնի ընտրակեղծիքների հետ և պահանջում ենք նոր ընտրություններ։ Կոչ ենք անում բոլորին սկսել անհնազանդության անժամկետ ակցիա»,-Telegram-ում գրել է Լատուշկոն:

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին․ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1 տոկոսը։ Ընդդիմությունն ու Եվրամիությունը չեն ընդունել քվեարկության արդյունքները։

Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում օգոստոսի 10-ից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել Լուկաշենկոն: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել: