Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նա դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացի Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երևանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Քննարկումների ժամանակ Ալեքսանյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին և իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, Ալեքսանյանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ Երևան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որևէ դիմում չի ներկայացվել և չի քննարկվել։ 
Հիշյալ քննարկումների արդյունքում որոշվել է քաղաքացի Սամվել Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, որի մասին վերջինիս առաքվել է Երևանի քաղաքապետարանի 05.03.2020թ. հ.19/Ծ-57 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի /կոդ՝ AG021352246AM/ և 16.07.2020թ. հ.19/12537 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի /կոդ՝ AG015323909AM/: Առաջարկված ժամկետում քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։
Նաեւ հանձնարարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել այդ ինքնակամ կառուցված շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը: