«Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան

«Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

««Մղարթի ոսկու հանքավայրի» վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Իմ անունից այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։

Մասնավորաբար, ըստ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել է սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:

Գրության մեջ, մասնավորապես նշվում է, որ դեռեւս 2018 թվականի փետրվարի 12-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել «Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի բաց լեռնային աշխատանքներով շահագործման 2018-2037 թվականների համար՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը»: Համաձայն հայտի 2005 թվականին կառուցվել է ֆաբրիկա, ինչը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացվել փորձաքննության:

Վերոհիշյալ ընկերությունը մի քանի անգամ հայտ է ներկայացրել ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու համար, սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունում դրանք ուղարկել է լրակազմման։

Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին՝ Մղարթի ոսկու հանքավայրում ստուգումների իրականացնելու համար:

Պարզվել է, որ հանքի տարածքում առկա են հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար, որոնք կառուցվել են առանց ՇՄԱԳ փորձաքննության: Համաձայն նույն Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի եւ 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է նախատեսվող գործունեության իրականացումը: Ներկայացվել է նաեւ տեղեկատվություն շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի եւ մշտադիտարկումների մասով ապառք ունենալու վերաբերյալ:

Այսպիսով, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի եւ պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաեւ ընդերքօգտագործման դադարեցման եւ կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներին նախարարին։

Ուղարկված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազին առջարկել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները եւ համապատասխան փաստաթղթերը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք»։