«Խայտառակություն է, բայց եթե ամեն ինչ ճիշտ չանեինք, հիմա 2,5 մլն զոհ կունենայինք». Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը 200 000-ը գերազանցելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվի 200 000-ը գերազանցելուն՝ նշելով, որ դա «խայտառակություն է», գրում է thehill.com կայքը:

«Կարծում եմ՝ դա խայտառակություն է: Մտածում եմ, որ եթե ամեն բան հարկին ու ճիշտ չանեինք, հիմա 2,5 միլիոն մահվան դեպք կունենայինք»,-նշել է Թրամփը, իսկ հետո խոսել իր՝ Չինաստանից և Եվրոպայից երկրի սահմանները փակելու ճիշտ ժամանակին կայացված որոշման մասին:

«Սարսափելի բան է, երբևէ նման բան չպետք է տեղի ունենար: Չինաստանի մեղքով սա պատահեց, հիշե՛ք դա»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մինչ այժմ արդեն 200 հազար մարդ է մահացել, 6,8 միլիոն մարդ վարակվել է այս հիվանդությամբ, ամենաշատ դեպքերը գրանցվել են Հյուսիսային Դակոտա և Յուտա նահանգներում:

Դեռ գարնանը նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե մահերի թիվը տատանվի 100-200 հազարի սահմաններում, կնշանակի, որ լավ ու արդյունավետ են գործել:

Թրամփին ու նրա վարչակարգին, սակայն, քիչ չեն քննադատում վարակի դեմ պայքարը տապալելու և հազարավոր մարդկանց մահվան համար: «Թրամփի ստերի և ոչ կոմպետենտության պատճառով նախորդ վեց ամսում Ամերիկան իր պատմության մեջ մարդկային ամենամեծաքանակ կորուստներն է կրել»,- հայտարարել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահերի թվով շարունակում է առաջինը մնալ աշխարհում: