Ես երբեք չեմ ցանկացել հայտնի լինել, ես պարզապես ցանկանում էի անկրկնելի լինել. Ռեյ Չարլզ

1930 թ. սեպտեմբերի 23-ին ծնվել է աշխարհահռչակ երգիչ Ռեյ Չարլզը (ամբողջական անունը՝ Ռեյ Չարլզ Ռոբինսոն): Եզակի մարդկանցից է, ով երգեց սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ։ Արժանացել է մոտ 17 «Grammy» մրցանակի, թողարկել է 55 ալբոմ, ամուսնացել է 2 անգամ և ունեցել է 12 երեխա 9 տարբեր կանանցից: Առաջին երաժշտական քայլերը սկսել է 3 տարեկանից։

Ձեզ կներկայացնենք Չարլզի կյանքից որոշ հետաքրքիր փաստեր, որոնց գուցե տեղյակ չէիք.

Բոլորը գիտեն, որ Ռեյ Չարլզը կույր էր, սակայն, բոլորին չի հայտնի, թե ինչ նախապատմություն ուներ նրա ֆիզիկական արատը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նրա աչքի առջև մահացավ կրտսեր եղբայրը։

Ռեյն այն ժամանակ վեց տարեկան էր ու խաղում էր եղբոր  հետ, երբ նա ընկավ ջրավազանը, իսկ  Ռեյը չկարողացավ եղբորը դուրս հանել այնտեղից: Դրանից հետո (ենթադրաբար` նյարդային ցնցումից) նրա տեսողությունը սկսեց վատթարանալ, և արդեն յոթ տարեկան հասակում տղան ամբողջովին կույր էր: Հարցազրույցներից մեկում Ռեյն ասում է. «Ես շատ լավ չեմ հիշում, թե ի՞նչ է նշանակում տեսնել: Հիմնական բանը, որ ես հիշում եմ, մայրս է, թե ինչպիսին էր նա: Եվ ես հիշում եմ նաև գույները»:

Ռեյն ընդամենը 15 տարեկան էր, երբ մահացավ նրա մայրը, սակայն մինչև կյանքի վերջ երգչի համար մայրը մնաց միակ իդեալը ու այն մարդը, որին անկախ ամեն ինչից միշտ հավատում էր: Աշխարհառչակ երգիչն իր բոլոր հարցազրույցներում հաճախ էր խոսում մոր մասին և հիշատակում նրան իր երգերում (օրինակ ՝ «Hard Times (No One Knows Better Than I): Հետագայում Ռեյ Չարլզը ցավով հիշում է. «Երբ մայրս մահացավ, ես երկար ժամանակ չէի կարողանում ուտել, քնել կամ խոսել: Համոզված էի, որ կխելագարվեմ»:

Թեև Ռեյը լրջորեն ձայնագրվել սկսեց, երբ 17 տարեկան էր, բայց նրա ստեղծագործական գործունեության իրական սկիզբը պետք  է համարել 1953 թվականը, երբ թողարկվեց «Mess Around» սինգլը։ Սա նրան մեծ ժողովրդականություն բերեց: Երկու տարի անց ձայնագրվեց «I Got A Woman» երգը ՝ Չարլզի ամենահայտնի երգերից մեկը, որը շատ երաժշտական ​​քննադատներ ընդունում են որպես առաջին սոուլ կատարում:

Ռեյ Չարլզի թերեւս ամենահայտնի երգը ՝ «What’d I Say»-ը, պատահաբար է ծնվել: Ինչպես նշված է Չարլզի ինքնակենսագրականում, 1958-ի համերգի ժամանակ նա  իր երաժիշտների հետ արդեն սպառել էր նախատեսված երգացանկը, բայց դեռ ժամանակ կար համերգը ավարտելու համար։ Ռեյը սկսեց մի մեղեդի նվագել և զուգահեռ հնարել բառերը՝ առաջին անգամ երգի ընթացքում երկխոսություն էր ընթանում հանդիսատեսի հետ: Մի քանի ամիս անց, սա որպես երգ ձայնագրվեց, սակայն ռադիոյով հնչեց միայն կրճատումներից հետո, քանի որ երկար էր և նաև սեքսուալ բնույթի արտահայտություններ կային այնտեղ։ Ռադիոհաղորդավարներից մեկի բնորոշմամբ ՝ «երգում երկխոսությունը սկսվում է եկեղեցուց և ավարտվում անկողնում»: Չնայած գրաքննությանը, այնուամենայնիվ երգը դարձավ աներևակայելի սիրված և մի շաբաթներ շարունակ մնաց լավագույն հորիզոնականներում:


Ռեյ Չարլզը երկար տարիներ տառապում էր թմրանյութերի կախվածությունից։ Մի քանի անգամ ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել էր մարիխուանա, կոկաին և հերոին: Նա բազմից սփորձել է հրաժարվել թմրանյութերից, բայց ինքնուրույն չէր ստացվել։ Դա հաջողվեց միայն վերականգնողական կլինիկայում բուժում ստանալուց հետո։  Հարցազրույցներից մեկում Ռեյը խոստովանել է. «Ես թմրանյութեր էի օգտագործում, քանի որ այդպես էի ուզում: Կան չէ՞ նման մարդիկ, երբ գիտեն, որ տվյալ բանը կարող է կործանել իրենց, սակայն, նրանք անպայման ուզում են ավելին իմանալ դրա մասին: Ես հենց այդպիսին եմ»:

Իր ողջ կյանքի ընթացքում Ռեյ Չարլզը պայքարում էր ռասիզմի դեմ և Մարտին Լյութեր Քինգի կողմնակիցն ու գաղափարակիցն էր։1961-ին նա պետք է ելույթ ունենար իր հարազատ Ջորջիա նահանգի համալսարանում, սակայն վերջին պահին  ուսանողներից հեռագիր ստացավ, որտեղ ասվում էր, թե բեմի մոտ ու պարտերում կարող են համերգը լսել  միայն սպիտակամորթ ուսանողները, իսկ սեւամորթները հնարավորություն ունեն համերգին հետևել միայն օթյակներից: Ռեյ Չարլզը հրաժարվեց մասնակցել այդ համերգին` այդ կերպ բողոքելով ու պայքարելով ռասայական խտրականության դեմ:

Երաժիշտը միշտ մեծ հարգանքով էր վերաբերվում իր երկրպագուներին՝ միշտ խոստովանելով, որ ոչնչի չէր հասնի, եթե չգտներ իր ունկնդրին: Ֆրանսիայում համերգներից մեկի ժամանակ երգչի երկրպագուն վազում է բեմ ու սկսում կատարել «Mess Around» երգը: Ռեյ Չարլզը առանց անհանգստանալու, արգելում է  թիկնապահներին մոտենալ երկրպագուին։  Վերջինս ոչ միայն չի հեռանում բեմից, այլ նաև շարունակում է երգել Ռեյ Չարլզի նվագակցությամբ։  Նրանք միասին կատարում են  երգը մինչև վերջ:

Քչերը գիտեն, որ «Georgia On My Mind» երգը գրել է ոչ թե Ռեյը, այլ երաժիշտ Հոգ Կարմայքլը: Այն նվիրված էր Ջորջիա անունով մի աղջկա: Սակայն, Չարլզի մշակումն ու տարբերակն այնքան սիրվեց ու տարածվեց, որ 1979 թվականին դարձավ Ջորջիա նահանգի պաշտոնական օրհներգը:

2004 թվականին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի «Ռեյ» կենսագրական ֆիլմը։ Պրեմիերան տեղի ունեցավ Չարլզի մահից մի քանի ամիս անց։ Երգիչը ծանոթ էր ֆիլմի մտահղացմանը և նույնիսկ կարդացել էր սցենարը բրայլյան տառատեսակով: Հասարակությունն ու քննադատները ֆիլմը խանդավառությամբ ընդունեցին, իսկ գլխավոր դերակատար Ջեյմի Ֆոքսն արժանացավ Օսկարի։