Կին քաղաքական գործիչներն ու իրենց ոճային ընտրությունը

«Նորաձև քաղաքականություն» խորագրի շրջանակում Mediaplan.am-ի նորաձև տեսախցիկն այս անգամ Ազգային ժողովի շենքում էր` բացահայտելու ամենանորաձև կին քաղաքական գործիչներին: Ոճային «այո»-ներ և «ոչ»-եր, նորաձևության գաղտնիքներ, որոնք դեռ չգիտեիք մեր պատգամավորների մասին, ձեզ համար բացահայտել է Mediaplan.am-ի մեր նորաձև թիմը:

Շաքե Իսայան

-Զգեստապահարանը կարո՞ղ է ամիսներով չթարմանալ, սիրու՞մ եք հաճախ գնումներ կատարել:

-Սիրում եմ հաճախ գնումներ կատարել, հատկապես այն ժամանակ, երբ աշխատանքային կամ անձնական խնդիրների պատճառով ցանկանում եմ լիցքաթափվել:

-Ի՞նչ հագուստ եք պլանավորում գնել:

-Բնականաբար դասական ոճի հագուստ, քանի որ նստաշրջանը մեկնարկում է և ինձ պետք են գործնական հագուստներ:

-Հաճախ է լինում, որ զգեստապահարանը բացեք և ասեք, որ ոչինչ չունեք հագնելու:

-Ամեն օր (ծիծաղում է):

-Ի՞նչ գունային համադրություններ եք նախընտրում:

-Շատ եմ սիրում գունային համադրություններ և երբեմն անգամ քննադատում եմ ինքս ինձ, քանի որ դիվանագիտական առումով օրենսդիրն այդպիսի վառ հագուստներ չպետք է կրի, սակայն ես ինքս գույներ սիրում եմ և հաճախ եմ այդ կանոնը խախտում (ծիծաղում է):

-Ձեր երազանքների զգեստը:

-Երբեք չեմ մտածել այդ մասին և չունեմ այդ հարցի պատասխանը, ինձ համար ամեն օրվա հաջողված կերպարը, իմ երազանքների զգեստն է, և դա կարող է լինել սպորտային կոշիկներ, ջինսե տաբատ և ամենահասրակ շապիկը:

-Ձեր ոճային հեշթեգը:

-«Դասական ընդմիշտ՝ կարոտ ազատ ոճին» (ծիծաղում է):

Սոֆյա Հովսեփյան

-Զգեստապահարանը կարո՞ղ է ամիսներով չթարմանալ, սիրու՞մ եք հաճախ գնումներ կատարել :

-Կարող է նաև չթարմանալ. քանի որ գնումներ սիրում եմ կատարել անհրաժեշտության դեպքում:

— Հագուստ ձեր զգեստապահարանից, որը հնարավոր լիներ ամեն օր կկրեիք:

— Կան այդպիսինները` պիջակներս, մասնավորապես հայկական արտադրության: Այսօրվա իմ շարֆը կրկին հայկական արտադրության է` Hasis ապրանքանիշի, որը առաջինը ես եմ կրում: Այս շարֆի մոտիվ են հանդիսացել Սբ. Էջմիածնի Մայր տաճարի կենտրոնական զանգակատան զարդաքանդակ սերովբեները:

-Գույները ձեր կերպարում:

-Չեմ սիրում հագնվել ամբողջական սև, իսկ մնացած գույների հանդեպ որևէ առանձնահատուկ մոտեցում չունեմ:

-Եղե՞լ է, որ չկողմնորոշվեք` ինչ հագնել և դրա պատճառով ուշանաք որևէ կարևոր միջոցառումից կամ հանդիպումից:

— Չի եղել այդպիսի դեպք, քանի որ ես շատ արագ եմ կողմնորոշվում, թե այդ օրը ինչպես պետք է ներկայանամ, քանի որ զգեստապահարանումս հիմնկանում այնպիսի իրեր եմ պահում, որոնք որքան հնարավոր է շատ բաների հետ հնարավոր կլինի համադրել:

-Ի՞նչ հագուստ եք պլանավորում մոտակա ժամանակներս գնել:

-Վերարկու( ծիծաղում է) :

-Ձեր երազանքների զգեստը:

-Երազանքների չէի անվանի, բայց մի շատ գեղեցիկ, գործնական զգեստ եմ հավանել, կտոր եմ գնել, որպեսզի կարել տամ:

Կարինե Պողոսյան

-Ձեր ոճային «այո»-ները և ձեր ոճային «ոչ»-երը:

— Ես նախընտրում եմ դասականը և ինձ գրեթե միշտ հենց այդ ոճով էլ հնարավոր է գտնել: Սպորտային հագուստ կրում եմ միայն անհրաժեշտությունից ելնելով:

-Կա՞ն բրենդեր, որոնց տեսականիները դիզայնի և ոճային տեսանկյունից ձեզ դուր են գալիս կամ որը նախընտրում եք

-Այո´, կան այդպիսիք, սակայն չէի ցանկանա հիմա անուններ տալ :

-Պատրաստվելիս ավելի երկար ժամանակ ձեր այդ օրվա look-ը որոշելու վրա եք ծախսում, թե՞ դիմահարդարման :

-Եթե աշխատանքի պետք է գնամ, ավելի երկար ժամանակ ծախսում եմ հագուստս որոշելու վրա:

-Իսկ մոտավորապես որքան ժամանակ է ձեզ հարկավոր պատրաստվելու համար :

-Ինձ քառասուն րոպեն ամբողջությամբ բավարար է (ծիծաղում է) :

-Հագուստի ընտրության հարցում սիրու՞մ եք խորհուրդներ լսել, թե դուք ինքներդ եք ընտրում :

-Ես եմ ընտրում, իմ նախասիրություններին համապատասխան, մեծամասամբ կարելի է ասել խորհուրդների չեմ հետևում:

-Ձեզ համար ձեր խոսակցի տեսքը կարևոր է, դուք հագուստից այդ մարդու մասին կարծիք կազմում եք :

-Արտաքին տեսքը խոսուն է ամեն դեպքում և որոշ առումներով, այո´, կարևոր է, քանի որ առաջին կարծիքը հենց տեսքից ելնելով ես կազմում. կարևոր է լինել կոկիկ և մաքուր:

Նորա Առուստամյան

-Կա որևէ կին, կարևոր չէ թե որ ասպարեզից, ում ոճային ընտրությունը ձեզ հոգեհարազատ է :

-Մայրիկս :

-Ոճ, որը նախընտրում եք և որը երբեք չեք կրի :

-Սպորտայինը շատ հոգեհարազատ է և ինձ երբեք չեմ պատկերացնում ռոքային ոճում :

-Սև և սպիտակ, թե գույներ, ո՞րն է գերակշռում ձեր զգեստապահարանում :

-Սևը :

-Ի՞նչ գունային համադրություններ երբեք չէիք կրի :

-Ցանկացած գույների անճաշակ համադրությունները, քանի որ նույն գույների տարբեր երանգներով կարելի է նաև գեղեցիկ համադրություններ ստեղծել :

-Հագուստ ձեր զգեստապահարանից, որը հնարավոր լիներ ամեն օր կկրեիք :

-Կա այդպիսինը (ծիծաղում է), սև գույնի զգեստ է, որը ևս, եթե իմ ընտրությամբ լիներ, ամեն օր կկրեի :

-Պատրաստվելիս ավելի երկար ժամանակ ձեր այդ օրվա look-ը որոշելու վրա եք ծախսում, թե՞ դիմահարդարման :

-Ամենաերկար ժամանակը ծախսում եմ կոշիկի և պայուսակի ընտրության վրա (ծիծաղում է):