Եթե կառավարությունը որոշում կայացնի, որ Ամուլսարում հանք է շահագործվելու, ես փակելու եմ և չեմ բացելու ճանապարհները. Ջերմուկի բնակիչ

Լիդիանը և ցանկացած կազմակերպություն, որ կփորձի Ամուլսարը հանք դարձնել, պետք է հեռանա, ինձ համար այդ հարցը փակված է, եթե կառավարության կողմից հակառակ որոշում կայացվի, ես օրինականության սահմաններում կանգնելու եմ, փակ եմ պահելու ճանապարհները և չեմ բացելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկ համայնքի բնակիչ Արմեն Խաչատրյանը:

Նա հավալեց, որ իրենք միշտ խաղաղ են եղել, ոչ մի բռնության չեն դիմել. «Հիմա մեզ սադրում են, ներքաշում են կռիվների մեջ, դա տակտիկա է, որ մեզնից ձերբազատվեն, բայց չի հաջողվի, մենք համբերությամբ ենք զինվել, մեր խաղաղ ակցիաները շարունակվելու են»,- շեշտեց նա:

Արմեն Խաչատրյանը հավելեց, որ կողմնակալ վերաբերմունք է նկատում ոստիկանության կողմից: «Նույն արարքին նրանք երկու տարբեր իրավական գնահատականներ են տալիս և այսօր էլ մենք խաղաղ ցույց էինք անում, որը չգիտես ինչու պարոն գնդապետի հրահրմամբ դարձավ քաշքշոց, երկու հոգու բերման ենթարկեցին, հիմա սպասում ենք հետագա զարգացումներին»,- հայտարարեց նա և նշեց, որ մնալու են այնտեղ այնքան, մինչև բերման ենթարկվածներին բաց թողնեն:

«Երբ մեզ հրավիրել էին ոստիկանություն, որ ծանոթանայինք որոշմանը և դատաբժշկական փորձաքննության գնայինք, այնտեղ գրված էր, որ ծեծկռտուքի հատկանիշով է քրեական գործ հարուցված, սակայն ինչպես տեսնում ենք, մյուս կողմից ոչ ոք բերման չի ենթարկվել, ոչ էլ հարցաքննվել է, սա արդեն նշեցի՝ ակնհայտ կողմնակալ մոտեցում է»,- պատմեց նա:

Դիտարկմանը՝ «Լիդիան Արմենիա»-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե Ջերմուկի բնակիչներն են մուտք գործել իրենց տարածք, կոտրած մեքենայի կադրեր կային, դա այդպե՞ս է, նա արձագանքեց. «Տեսանյութը լավ չի երևում, որ ասեմ՝ ով է եղել. մի բան հստակ է՝ մենք երբեք «Լիդիան Արմենիա»-ի տարածք չենք մտել, չենք փորձել անգամ մեկ քայլ ներս մտնել, մենք մեր 7 մետր տարածքում տեղավորվել ենք: Լսեցի, թե մեզ գողության մեջ էլ են մեղադրում, դրանք հեյրուրանքներ են»:

Հիշեցնենք, որ այսօր Ջերմուկի բնակիչները ակցիա են իրականացրել ի պաշտպանություն իրենց ձերբակալված երեք ընկերների, սակայն ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել ևս երկու Ամուլսարի պահապաններից, այս պահին ակցիայի մասնակիցները Ջերմուկի ոստիկանության բաժանմունքի մոտ սպասում են իրենց ընկերների ազատ արձակմանը:

Նյութի աղբյուրը՝ Tert.am