ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ. Հրապարակ

Վարչապետ Փաշինյանը հաճախ է խոսում Հայաստանի ինքնիշխանության ու «հպարտ» սուվերենության մասին։ Նրա գրառումների, ելույթների, «Հայկական ժամանակի» խմբագրականների տողատակերում հաճախ է կարդացվում այն թեզը, թե նախորդ իշխանությունները Ռուսաստանի հետ ստորադասի դիրքերից էին խոսում, իսկ, ահա, հիմա Ռուսաստանը պետք է հաշվի նստի մեզ հետ՝ որպես հավասարը հավասարի։ Դժվար է գնահատել այս թեզի իրական լինելու հիմքերը արտաքին քաղաքականության «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից, բայց այս թեզի կենսունակությունը ստուգելու համար բավական էր վերջին մեկ ամսվա ընթացքում անցնել լրատվականների վերնագրերով՝ «Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են անում», «Մենք այստեղ չենք կարող հաց վաստակել. Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացի» եւ այլն։ 

Հիմա դատեք ինքներդ, ո՞ր դիրքերից կարող է խոսել մի երկիրը մեկ այլ երկրի հետ, երբ կառավարության շենքի մոտ ամեն օր ցույց են անում մի քանի տասնյակ Հայաստանի քաղաքացիներ, որոնք ուզում են հետ գնալ այլ երկիր, որովհետեւ Հայաստանում իրենց ընտանիքը պահելու հնարավորություն չունեն։ Կառավարության մոտ ցույց անող ու Ռուսաստանում իրենց ապրուստը վաստակող տասնյակ, իսկ երկրով մեկ՝ տարբեր գնահատականներով մինչեւ 100 հազար Հայաստանի քաղաքացիներն այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստանի տնտեսության եւ «հպարտության» մասին։ 

Իհարկե, կարելի է ամեն ինչ գցել նախկինների վրա, թե իրենց ստեղծած տնտեսության հետեւանքն է, որ մարդիկ աշխատատեղ չունեն ու հիմա ցույց են անում Ռուսաստան գնալու համար։ Արդար մեղադրանք է։ Բայց ի՞նչ է արել արդեն երրորդ տարին իշխանության ղեկը ստանձնած կառավարությունը՝ եթե ոչ բոլոր խնդիրները լուծելու, ապա գոնե դրական դինամիկա առաջացնելու ուղղությամբ։ Ի՞նչ նոր աշխատատեղեր է բացել, ի՞նչ մասշտաբային ներդրումներ է բերել, ի՞նչ է արել ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Կարճ պատասխանն է՝ ուղիղ ոչինչ։ Արտաքին պարտքն ավելացնելով տնտեսության կոլապսից խուսափելն ընդամենը երկարաձգում է անխուսափելի տնտեսական հոգեվարքի մոտենալու ժամկետը։ Լուծումը նոր աշխատատեղերն ու ներդրումներն են։ Այս իշխանության օրոք արդեն երրորդ տարին անընդմեջ արձանագրվում է օտարերկրյա ներդրումների կտրուկ անկում։ Այո, նախորդ իշխանությունների օրոք էլ ներդրումները մի լավ օրի չէին։ Բայց նոր իշխանության օրոք հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հանվեց։ Ու դա հասկանալի է։ Ինչպե՞ս պետք է նոր ներդրումներ գային, եթե իշխանության առաջին իսկ օրվանից ակտիվիստա-հեղափոխական իշխանությունը տնտեսության մասին նույնպիսի պատկերացումներով եղած ներդրումների հերն անիծեց։ Միայն Ամուլսարի պատմությունն ամեն ինչ արժե։ Այդ ո՞ր մի ներդրողի հետ խնդիրներ չեն ստեղծել այս ընթացքում՝ «Լիդիանից» մինչեւ «Սանիթեք», որ մի հատ էլ նոր ներդրումներ ներգրավեին։ 

Իշխանության երրորդ տարին բավարար ժամանակ է հաշվետվություն պահանջելու համար։ Ի՞նչ է արել այս կառավարությունը, որ Հայաստանի «հպարտ քաղաքացին» ստիպված չլինի այդ երկրում աշխատելու իրավունք մուրալ Ռուսաստանից։ Ո՞ւր են խոստացված տնտեսական հրաշքները։ Հրաշք չկա եւ տնտեսության հանդեպ նման անպատասխանատու վերաբերմունքի պարագայում չէր էլ կարող լինել։ Անշեղորեն աճում է երկրի արտաքին պարտքը, նվազում են ներդրումները, կրճատվում են աշխատատեղերը, չի պակասում արտագաղթը։ Ավելին, նաեւ արտաքին քաղաքական «հանճարեղ» մոտեցումների արդյունքում այս կառավարությունը չի կարողանում Հայաստանում «տնտեսական հրաշքն» այդպես էլ չվայելած ու Ռուսաստանում իրենց ապրուստի միջոցը փնտրող հայաստանցիների համար մուտքի պայմանավորվածություն ստանալ։