«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մրցույթի համար պատրաստել են չորս սցենար

«Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները հայտարարել են հաջորդ տարի միջոցառման անցկացման չորս տարբերակ: 360tv.ru-ի հաղորդմամբ, դա պայմանավորված է նրանով, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես կզարգանա աշխարհում համաճարակի հետ կապված իրավիճակը: 

Մրցույթի կայքում ներկայացված կարգի համաձայն, առաջին սցենարը ավանդական է և ենթադրում է Եվրատեսիլի անցկացում Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում գտնվող Ahoy համերգասրահում ժյուրիի և հանդիսատեսի հետ միասին: Մասնակիցները կկարողանան ներկա գտնվել քաղաքում անցկացվող այլ միջոցառումներին:

Երկրորդ սցենարը ենթադրում է որոշ սահմանափակումներ՝ դահլիճում հանդիսատեսի սահմանափակ քանակ հեռավորությունը պահպանելով, ավելի քիչ միջազգային պատվիրակություններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Երրորդ ձևաչափը նախատեսված է կատարողների համար՝ սահմանները փակ լինելու դեպքում հեռակա կատարում:

Վերջին սցենարը, համաճարակով պայմանավորված, նախատեսում է, որ «Եվրատեսիլ»-ն անցկացվի ամբողջովին առցանց:

Այս տարի համաճարակի պատճառով երաժշտական մրցույթը չեղարկվել էր: Հաջորդ մրցույթը տեղի կունենա 2021 թվականին մայիսի 22-ին։