ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը․ ԲՀԿ Երիտասարդների միություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

«Միացեք մեր պայքարին և պահանջեք Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նրա վարած քաղաքականությունը հակահայկական է »,- ասում էին ակցիայի մասնակիցները՝ դիմելով ժողովրդին:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ դիմակներով, սոցիալական հեռավարության վրա կկանգնեն նախարարության դիմաց, կոչերը կհնչեցնեն, այնուհետև կհեռանան:

Ակցիայի մասնակիցների ձեռքին դդումներ էին, ոստիկանության խնդրանքով նրանք դդումները դրեցին մայթին և մոտեցան նախարարության շենքին:

Պարբերաբար հնչում էր «Արայիկ, հեռացիր» կարգախոսը:

«Պարոն Արայիկ Հարությունյան, հարյուրավոր երիտասարդների անունից կոչով դիմում եմ ձեզ՝ մաքսիմում սեղմ ժամկետներում դիմում գրել ու հրաժարվել ձեր զբաղեցրած պաշտոնից, քանի որ հարյուրավոր երիտասարդների, տարեցների կողմից ձեր աշխատանքը գնահատվում է  հակահայ, դեմ եք դուրս եկել հայոց  եկեղեցուն, այլասերում եք տարածում դպրոցներում, կրթօջախներում, այս պետական շենքում պարբերաբար ընդունում եք տրանսգենդերների: Այս երիտասարդները ձեզ կստիպեն, որպեսզի հրաժարական տաք, տրանսգեներին ընդունեք ձեր տանը կամ Հայաստանից դուրս:

Պարոն նախարար, զգուշացնում ենք, եթե ձեր հրաժարականը ուշանա, երիտասարդների խնդրանքով, դիմումներով մեր ցույցներն ավելի ենք մեծացնելու, ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս շենքում երբևէ չաշխատեք, քանի որ ձեր աշխատանքը չի նպաստում կրթօջախների, եկեղեցու, երիտաարդների բարօրությանը, առաջընթացին ու զարգացմանը: Իշխանություն գալուց նշում էիք, երբ ժողովուրդը դեմ լինի, ինքնակամ կլքեք պաշտոնը, իսկ երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ թքած ունեք  ժողովրդի վրա, ձեզ միայն կարող է հեռացնել իշխանությունը, ձեր քաղաքական թիմը: Իշխանություն գալուց խաբել եք ժողովրդին, ծաղրում եք հարյուրավոր երիտասարդների ձեր հակահայ քաղաքականությամբ։  Ես ամաչում եմ ձեր և մեր բոլորի տեղը, որ ունենք նման այլասերված նախարար»,-  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանը։