Վաղվա կառավարության նիստից հետո կհասկանանք մեր քայլերի հերթականությունը. ՀՅԴ երիտասարդական կազմակերպության երթն ավարտվեց

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության կազմակերպած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթն ավարտվեց նախարարության շենքի մոտ:

Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը վաղը ողջամիտ կլինի եւ կառավարության նիստին կքննարկի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:

«Վաղվա կառավարության նիստից հետո մենք կհասկանանք մեր քայլերի հերթականությունը: Միայն ուզում ենք նշենք, որ մեզ համար կան կարմիր գծեր, որոնք մեզ համար հատելն անթույլատրելի է եւ մենք նահանջելու տեղ չունենք: Նշանակում է, որ եթե վաղը Կառավարությունը չկարողանա լուծել Արայիկ Հարությունյանի հարցը, մենք կգնանք մեզ  վերապահված իրավուքնների սահմաններում բոլոր միջոցներին ձերբազատվելու համար Արայիկ Հարությունյանից եւ նրա վարած քաղաքականությունից»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր` սեպտեմբերի 16-ին, «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է անցկացնում։

Երթը մեկնարկելու է Մատենադարանի հարակից տարածքից  և անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։

Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անվան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։