Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե դուք այստեղ բոլոր ձևերով փորձում եք խեղդել մեր բոլոր ակցիաները. Անի Սամսոնյան

Պարոն Միրզոյան, դուք որպես ԱԺ պատգամավոր 2017-2018 թվականներին «Ելք» խմբակցությունից հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա: Այս մասին այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Հիմա խնդրում եմ բացատրել, ես ինչով կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը, դա ոչ հրավառ նյութ է, ոչ ծակող գործիք է, ոչ մեկին կարող է վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ:

«Հակառակ դեպքում ինձ մոտ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե դուք այստեղ բոլոր ձևերով փորձում եք խեղդել մեր բոլոր ակցիաները»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը հարձագանքեց. «Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է իմ՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում, այդպես ստացվեց»։

Նյութի հղումը՝ Tert.am