Նախկին փոխնախարարը երեխա է պահում․ Հրապարակ

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանից, ով 2019-ի դեկտեմբերի 25-ին ազատվեց պաշտոնից, հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների մասին՝ պետական առարկայական չափորոշիչներ, հանրակրթական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխություն, ԿԳՄՍ-ի հրապարակած ուղեցույց՝ քովիդի պայմաններում կիրառման ենթակա։ Նախկին փոխնախարարն ասաց, որ առանձնապես չի հետևում ոլորտում տեղի ունեցող գործընթացներին․ «Որևէ քննարկման չեմ մասնակցել եւ չեմ էլ հետևել քննարկումներին, միայն գիտեմ, որ երեխաներն այսօր են դպրոց գնում»։

Նախկին փոխնախարարը երեխա է պահում

Նախարարի հրաժարականի պահանջի՞ց էլ տեղյակ չեք։ «Ես Երևանում չեմ, ցույցեր չեմ տեսնում․․․․, իմ Ֆեյսբուքն էլ այնքան լուսավոր, պայծառ Ֆեյսբուք է, որ նման բաներից տեղյակ չեմ»։ Իսկ ինչո՞վ է հիմա զբաղված։ Ոչ մի բանով՝ երեխային է խնամում։ Աշխատանքի որևէ առաջարկ չի՞ ստացել։ «Ես դեռ Լիայովս եմ զբաղվում՝ իմ աղջկանով, հետո արդեն կերևա, բայց հաստատ զբաղվելիք կունենամ՝ հաշվի առնելով իմ փորձառությունը»։ Օրեր առաջ մամուլում գրվեց, որ նա գործ չգտնելու պատճառով դառնացած է և որոշել է լքել «Քաղպայմանագիր» կուսակցության շարքերը, ինչին արձագանքեց․ «Ես դա չեմ մեկնաբանում»։ Այսինքն՝ սխա՞լ է այդ տեղեկությունը։ «Չէ, սխալի մասին չէ խոսքը, ես չգիտեմ ինչ են գրել և դա չեմ մեկնաբանում»։ Գրվել է՝ քանի որ նախարար Արայիկ Հարությունյանն ամեն ինչ արել է, որ իրեն ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն, որոշել է դուրս գալ ՔՊ-ից։ «Ես դա չեմ մեկնաբանում, որովհետև մեկնաբանելու բան չէ, և սկզբունքորեն նման լուրերի չեմ արձագանքում»,- ասաց նա՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով ՔՊ-ից հեռանալու մտադրությունը։