Հանձնաժողովի մեկ անդամի տեղը մոտ մեկ տարի թափուր է եղել, եւ վարչապետը միայն հիմա է որոշել այն լրացնել

Սեպտեմբերի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փոփոխություններ են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի կազմում։ Մասնավորապես, ՊՎԾ պետի նախկին ԺՊ, ներկայումս ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի փոխարեն հանձնաժողովի կազմում նշանակվել է ՊՎԾ պետի պաշտոնակատար Ռաֆայել Զաքարյանը, իսկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ներկայացուցիչ Անի Հովհաննիսյանի փոխարեն՝ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը նախ ասաց, որ տեղյակ չէ հանձնաժողովի կազմում իր ընդգրկվածության մասին, ապա քիչ ուշ տեղեկացրեց, թե պարզպես տեղյակ չի եղել, որ իրենց հայտն արդեն հաստատվել է։

«Մենք առաջարկ ենք արել, որ մենք էլ ենք ուզում մասնակցել, ուղղակի տեղյակ չենք եղել, որ վարչապետն արդեն հաստատել է, միության տնօրենը տեղյակ էր։ Վերջին 10-12 տարում մենք միշտ էլ համակարգային կոռուպցիան համարել ենք բիզնեսի զարգացման խոչընդոտներից մեկը եւ փորձել ենք դրա դեմ պայքարը համարել առաջնային եւ իշխանությունների առաջ միշտ բարձրացրել ենք, որ համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի մշտական, որպեսզի մենք կարողանանք հավասար մրցակցային դաշտ ստեղծել, եւ ամենակարեւորը՝ ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել՝ որպես ներդրումները խթանող հիմնական գործոններից մեկը»,- ասաց Ղազարյանը։

Հարցրինք՝ հետեւե՞լ է հանձնաժողովի գործունեությանը, այն որքանո՞վ է եղել կոռուպցիայի դեմ պայքարի գործուն միջոց․ «Հետեւել եմ, հանձնաժողովը փորձել է ինչ-որ արմատական փոփոխություններ անել՝ հաջողություններով եւ անհաջողություններով։ Գնահատական տվողը ես չեմ, որովհետեւ ես արդեն հանձնաժողովի անդամ եմ, եւ չի սազի, որ գնահատական տամ։ Երկրում իրավիճակային փոփոխություններ կան՝ քաղաքական-տնտեսական հարաբերություններում, ուստի կկողմնորոշվենք, թե ինչքանով կարող ենք նպաստել այդ գործընթացին»։
Զրուցեցինք նաեւ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ղեկավար Էդիկ Բաղդասարյանի հետ, քանի որ

ՀԿ-ն դուրս է եկել հանձնաժողովից, նրա փոխարեն ներգրավվել է Արդյունաբերողների միությունը։ Նա նշեց, որ հանձնաժողովը լքել են դեռ անցած տարի՝ անմիջապես ստեղծվելու պահին։ «Երբ մենք ընտրվեցինք, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը գրեց, որ ինչ-որ խախտումներ են եղել, եւ «Հետաքննող լրագրողները» դրա արդյունքում հայտնվել են հանձնաժողովում, մենք էլ ասացինք՝ ընդհանրապես մենք ի՞նչ գործ ունենք այդտեղ, եթե արդեն իսկ այդպիսի կասկածներ կան, հենց միանգամից հրաժարվեցինք, նամակ գրեցինք, որ հրաժարվում ենք»,- ասաց Բաղդասարյանը։

Փաստորեն ստացվում է, որ հանձնաժողովի մեկ անդամի տեղը մոտ մեկ տարի թափուր է եղել, եւ վարչապետը միայն հիմա է որոշել այն լրացնել։ Եվ մարդկանց ներգրավել են ու չեն տեղեկացրել, որ իրենք արդեն անդամ են։