Տնտեսվարողները կստուգեն, եթե փոփոխություն չի եղել՝ կրկին կհավաքվեն

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են մաքսազերծման նոր կարգից ու  գնային քաղաքականությունից։ Նրանք պնդում են, որ մաքսազերծման գները թանկացել են, ինչն անդրադառնալու է նաև վաճառվող ապրանքների գներին։ Նրանք նախքան այս էլ արդեն բողոքի ակցիաներ իրականացրել էին, հանդիպել նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան  Ներսիսյանին, սակայն նշում են, որ իրենց խնդրին լուծում չի տրվել։

Ակցիայի մասնակիցները հանդիպել էր կառավարության ներկայացուցիչ Սուրեն Ղամբարյանի հետ, ասել է՝ փոփոխությունները քննարկման փուլում են, այնպես պետք է անել, որ բոլորի համար լավ լինի, արժեքների առումով թանկացում չլինի կամ  չնչին։

«Համոզվելու համար պետք է գնանք մաքսազերծման արժեքն իմանալ։ Վերջնական որոշում չկա»,- ասաց  նա։

Այդ պահին ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ մաքսազերծում իրականացրել, որևէ բան չի փոխվել, ավելի է վատացել։

«Եթե տեսնենք թանկացել է,  չենք վճարելու։ Եթե չնչին լինի բարձրացում, կհամաձայնվենք։ Նույնիսկ ասացին, որ կարող է լինեն ապրանքներ, որոնց դեպքում գնի նվազում լինի։ Եթե 100 դրամ թանկանա, ժողովուրդը կհարմարվի, սակայն եթե մեկին մեկ թանկանա, բնականաբար, ինչ ուզում է լինի, չեն հարմարվի»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Նշեցին, որ այժմ կհեռանան, սակայն կստուգեն, եթե որևէ փոփոխություն նկատած չլինեն, կրկին  հավաքվելու են։