Դեռ հունիսին եմ ասել, որ վիճակը շատ ծանր է. Գագիկ Ծառուկյան

Դեռ հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի ժամանակ հայտարարել եմ, որ ժողովրդին չի կարելի մենակ թողնել իր խնդիրների հետ: Դեռ հունիսին եմ ասել, որ վիճակը շատ ծանր է, ժողովուրդը դուրս է գալու փողոց: Այս մասին ԲՀԿ Տավուշի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Մինչև Տավուշում հանդիպումը, Գ. Ծառուկյանը հանդիպումներ էր անցկացրել Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Տեսնելով համաճարակը, տնտեսական ճգնաժամը՝ ես ասել եմ, որ ժողովրդին չի կարելի մենակ թողնել, հարկավոր է ժողովրդի կողքին կանգնել, ժողովրդի վիճակը ծանր է: Ես ասել եմ, որ 3-4 ամիս հետո ժողովուրդը չի դիմանալու: Հիմա բոլոր մարզերում, Կառավարության դիմաց ամեն օր արդեն ալիք է բարձրանում տարբեր ոլորտների շուրջ: Իշխանությունը պետք է կանգնի ժողովրդի կողքին: Մեկուսացնում են, ոչ մի բան չեն տրամադրում»,- նշեց ԲՀԿ նախագահը:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ պետք էր վարկային տոկոսների ներում շնորհել, ուսման վարձը չբարձրացնել, իսկ բյուջեի գումարը նպատակային օգտագործվեր:

«Պետական պարտքը ավելացել է, ուր է օգտագործվել էդ գումարը: Ամեն ընտանիքին այս ծանր պայմաններում 1000-2000 դոլար պետք էր տալ, մեկ է, այդ գումարը փակելու է ժողովուրդը, բյուջեից է փակվելու: Իշխանության ներկայացուցիչները, նախարարները պետք է լինեն փորձառու մարդիկ: Չլուծվող խնդիր չկա, բոլոր խնդիրներն էլ լուծելի են, բայց եթե մարդը ոլորտից հասկանում ա: 3 տարի է անցել հեղափոխությունից, ձեր կյանքում փոփոխություն կա՞: Ժողովուրդը կարող է դիմանալ՝ իմանալով, որ վաղը ավելի լավ է լինելու, բայց այսօր դիմանալու բան չի մնացել: Փոխանակ ընդունեն բացթողումները՝ քրեական գործեր են հարուցում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Նյութի հղումը՝ Tert.am