Դատարանը կդիմի ՔԿՀ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի համար

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրչյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու գործով դատական նիստը. Գագիկ Խաչատրյանն իր գործով նիստին ներկա չէր։

Գագիկ Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել տեղեկանք, որ ունի առողջական խնդիրներ ու չի կարող ներկայանալ։ Նա դատարանին միջնորդել էր նիստը հետաձգել։

Մեղադրող Գեւորգ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից ելնելով՝ նախկին պաշտոնյան ոչ միայն վիրահատության, այլ նաեւ ստացիոնար բուժման կարիք չունի։

«Միջնորդում եմ գրություն ուղարկել քրեակատարողական հիմնարկ, թե ի՞նչ առողջական վիճակում է գտնվում Գագիկ Խաչատրյանն այսօր»,-ասաց դատախազը։

Մեղադրողի խոսքին արձագանքեց Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ ասելով․ «Կարծեք փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը հենց նոր վատացավ կամ վատանալու մասին տեղեկատվություն ներկայացվեց դատարանին։ Ես նախորդ դատական նիստին ասացի, որ Գագիկ Խաչատրյանն այս մեկ տարվա ընթացքում կարողացել է մասամբ մասնակցել առաջին կալանքի նիստի քննարկմանը, որի ընթացքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, դրանից հետո բազմաթիվ անգամներ տեղի ունեցած դատական նիստերին Գագիկ Խաչատրյանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել։ Չեմ կիսում դատախազի դիտարկումները, որ եթե դատաբժշկական փորձաքննությամբ սահմանվում է, որ Գագիկ Խաչատրյանը ստացիոնար վերջնական բուժօգնության կարիք չունի, բայց դա չի նշանակում, որ Գագիկ Խաչատրյանը կարող է դատական նիստին մասնակցել»։

Դատարանը հայտարարեց, որ հարցում կուղարկի ՔԿՀ՝ տեղեկանալու Խաչատրյանի առողջական վիճակի մասին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։