Այսօր ով ասես՝ կարող է գալ ու վարել պետության նավն իր ուզած ուղղությամբ, քանի որ չկա խորքային պետություն. Արծրուն Պեպանյան

Եթե իշխանությունն իրատես է, պիտի մտահոգվի, քանի որ իրեն չի հաջողվում խոստումները կատարել և երկիրը կառավարել, ինչի հետևանքով վիճակն ամիս առ ամիս վատանում է. կա մնացորդային հույս, թե կառավարությունն ինչ-որ բան կփոխի, շատ մարդիկ էլ չեն ուզում խոստովանել, որ սխալվել են՝ երկուսուկես տարի առաջ հրապարակ դուրս գալով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

«Բավական է մի խարիզմատիկ առաջնորդ ի հայտ գա, ինչպես Վազգեն Մանուկյանը 1996-ին, և իշխանությունների գործերը կվատանան: Ենթադրենք, թե նորից իշխանափոխություն եղավ, ի՞նչ է փոխվելու երկրում: 1990-ին իրական հեղափոխություն արեցինք, այլ երկիր սկսեցինք կառուցել, ընտրություններով իշխանություն ձևավորեցինք, արդյունքում ի՞նչ եղավ: Տեր-Պետրոսյանը ձեռքերի վրա եկավ իշխանության, բայց երկու տարի հետո չէիք գտնի մեկին, որը կխոստովաներ, թե ընտրել է նրան: Երկիրը պետք է փրկել պետության զգացողություն չունեցող տարրերից, նրանք են որոշում երկրի ճակատագիրը»,- ասել է քաղաքական վերլուծաբանը:

Ըստ Պեպանյանի՝ մեր ժողովուրդը չունի քաղաքական մտածողություն և ունակ չէ ընտրություններով արժանի իշխանություն ձևավորել. «Մենք չենք կարողանում իշխանության բերել այն ուժին, որը կշտկի այս իրականությունը: Իրական առաջնորդը պիտի հասկանա, որ ժողովրդի մեծամասնության մտածողությունը հակապետական է, բայց միաժամանակ փորձի ազգին տանել վերելքի: Մեր բոլոր ընդդիմադիր առաջնորդների ելույթներից հասկանալի էր, որ դրանցում քաղաքական միտք չկա, նրանք գործածում էին պարզունակ տեխնոլոգիաներ, ինչպես 2018-ին»:

Հրապարակախոսի կարծիքով՝ վարկաբեկված ու մաշված են և՛ այսօրվա, և՛ բոլոր նախկին իշխանություններն ու ընդդիմությունը. «Մեր ամբողջ քաղաքական դաշտն ընդունակ չէ հասկանալու, թե որն է մեր իրականության ու ժողովրդի խնդիրը: Պետականության զգացողության առումով այսօր սարսափելի անկում է: Մեր ժողովուրդն ունի միայն կենցաղային, ոչ թե քաղաքական խնդիրներ լուծելու խելք: Այսօրվա քաղաքական մտքի հարթությունը ճահճային վիճակում է: Մեր արևելյան և արևմտյան հարևանների պատկերացումներում Հայաստան չկա, իրենք այդ ուղղությամբ քայլեր են անում, իսկ մեր նոր իշխանությունը, փոխանակ հակազդի դրան, անում է հակառակը՝ սպասարկում է թուրքական ծրագիրը»:

Արծրուն Պեպանյանի պնդմամբ՝ այսօր ով ասես՝ կարող է գալ ու վարել պետության նավն իր ուզած ուղղությամբ, քանի որ չկա խորքային պետություն. «Մեր պետական կառույցներն այսօր ֆիկտիվ են, կա միայն բանակ: Նախարարությունները, մարզպետարանները դեկորացիա են, մեր մտածողությունն էլ է այդպիսին՝ դեկորատիվ: Իշխանության պետք է գան մարդիկ ու ներկայացնեն անողոք իրականությունը»:

Հրապարակախոսի պնդմամբ՝ հայրենիքի զգացողություն ունեցող անձինք փոքրաթիվ են, և ապագայի իշխանությունը պետք է հենվի նրանց վրա: «Այս հեղափոխություն կոչեցյալից շատ մարդիկ իմաստնացան: Այսօր անգամ տաքսիստները լուծում չունեն, այսինքն՝ քաղաքականապես հասունացանք, հասկացանք, որ մեկին մերժելով ու հեռացնելով՝ հարց չի լուծվում, խնդիրը խորքային է»,- ամփոփել է քաղաքական վերլուծաբանը:

Նյութի հղումը՝ Tert.am