«Ալեն Սիմոնյանը ինչ-ինչ փաստերից ելնելով՝ երևի կոնկրետ ցուցակ ունի, որ կոնկրետ մարդիկ պետք է տուգանվեն տվյալ գումարով, և այդ գումարները լցվեն իրենց կուսակցական բյուջե». Սերգեյ Չամանյան

Այդ օրենքը կյանքի է կոչում մի քաղաքական ուժ, որի ֆունդամենտում Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք» պապիկն է, ինչի համար ոչ մեկը՝ ի դեմս Կառավարության աշխատակազմի ղեկավարի, պատիժ չի կրել։ Մի քաղաքական ուժ, որը պետական բյուջեով «ֆեյքերի» բանակներ է պահում։ Այս մասին «Խոսքի ազատության դեմ ճնշումները թեմայով» կլոր սեղան քննարկմանը հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անդամ Սերգեյ Չամանյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամի փոխարեն սահմանել 5, զրպարտության համար նախկին 2 մլն դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ տուգանք։

«Ալեն Սիմոնյանը ինչ-ինչ փաստերից ելնելով՝ երևի կոնկրետ ցուցակ ունի, որ կոնկրետ մարդիկ պետք է տուգանվեն տվյալ գումարով, և այդ գումարները լցվեն իրենց կուսակցական բյուջե»,-նշեց նա՝ ընդգծելով նաև, թե իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են խստացնել այն օրենքները, որոնց դեմ պայքարել են ընդդիմություն եղած ժամանակ, համարել են հակաժողովրդավարական։

«Հիմա, իշխանության համը զգալով և վախից, որ հանկարծ լրագրողները կարող ե բացահայտել որոշ վարքագծեր, որոնք վայել չեն իշխող ուժերին, որոշում են խստացնել «վարկաբեկում» կոչվածը»,-նշեց նա։

«Մեդիա պաշտպան»-ի ներկայացուցիչներն ընդգծեցին՝ վերջին շրջանում հարձակումներ են եղել մի շարք ԶԼՄ-ների վրա, որոնք իրավական գնահատականներ չեն ստացել։ «Երկու տարիների փորձը մեզ թույլ է տալիս կարծել, որ օրենքը գործելու է միակողմանի՝ «սպիտակ» և «սև» սկզբունքով»,-նշեց նախաձեռնության անդամ Էդգար Խաչատրյանը։

Նյութի աղբյուրը՝ Tert.am