Այսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց՝ ի՞նչ եք արել, ես ձեր տեղը ուղղակի ամաչում եմ. Գագիկ Ծառուկյանը՝ իշխանություններին

Ամենակարևորը, որ պետությունը սկսվում է սահմանից: Այս մասին այսօր Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ի սրտե ուզում եմ ողջունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներին, համակիրներին, դուք գիտեք, որ ասել էի, որ անպայման տարածաշրջանում շրջելու եմ, պատասխանատուների հետ զրուցեմ: Սահմանին պետք է մեծ ուշադրություն դարձնել, եթե մարդը կրակի տակ գիշեր-ցերեկ իր ընտանիքով ապրում է, այդ տարբերությունը պետք է զգա, այսօր բնակիչն  է, զինվորն է  սահման պահողը, և տարբերությունը շատ մեծ պետք է լինի երկրի կենտրոնի հետ համեմատած»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ միշտ էլ իր հարգանքը, ուշադրությունը ցուցաբերել է սահմանամերձ համայնքների նկատմամբ և այդպես էլ շարունակելու է: «Այսօր վախի մթնոլորտ սարքելով, ամբողջ ճանապարհները փակ, մարդկանց անձնագիր ստուգելով, վախեցնելով… ես եկել եմ ժողովրդի, իմ կուսակցականների հետ հանդիպեմ, ասեմ՝ ինչով կարող եմ օգտակար լինել»,-ասաց նա:

Դիմելով իշխանություններին՝ ԲՀԿ առաջնորդը հարց բարձրացրեց. «Այսօր բացի ժողովրդին տուգանելուց, հարկերն ավելացնելուց՝ ի՞նչ եք արել, կարող եմ իմանալ, ես ձեր տեղն ուղղակի ամաչում եմ, պլան է դրած՝ օրը 300 հատ պետք է տուգանք գրեք, խեղճ ժողովուրդն էսօր 30 հազար դրամ թոշակ է ստանում»: Նա նկատեց, որ ուսման վարձը, հարկերը, գույքահարկը ավելացրել են:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ոչ թե իր անձնական շահով է առաջնորդվում, այլ պետության, ժողովրդի և իր երեխաների ապագայի համար է մտածում, որ ժողովուրդը պետք է լավ զգա, որ իր երեխան էլ լավ զգա, քանի որ մեկ մարդով լավ չի կարող լինել:

«Սահմանամերձ գոտի է, ծանր վիճակ է, մարդիկ տոկոսի, պարտքի տակ են, եկել եմ ասեմ՝ ժողովուրդ ջան, ինչի՞ կարիք կա այսօր ձեր համայնքում, ասեք, օրինակ ծառայեմ, խոսքս գործ դարձնեմ, իրականություն դարձնեմ, սա է գործը, ոչ թե գաք մարդկանց վախեցնեք, տոկոսնեի տակ դնեք»,-ասաց նա և նկատեց, որ այսօր բոլորը վարկի տակ են:

«Այսօր պետությունը պետք է լինի ժողովրդի կողքին, հիմնական վարկերը պետք է ներվեն,  մինչև արտակարգ իրավիճակն անցնի, մարդիկ հնարավորություն ունենան աշխատելու: Ես ասել եմ երկու ամիս առաջ, ասում եմ չորս ամիս հետո, օր օրի ալիքը բարձրանում է և պետք է կարողանալ դրա պատասխանը տալ: Այսօր պետական պարտքն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարով, ինչ է արվել, ում են օգնել, կարող են ամեն ընտանիքի 2 հազար դոլար տալ, ասել՝ այս վիճակից դուրս արի, մեկ է, դա դուք եք փակելու»,-ասաց նա և նկատեց, որ Վրաստանը մեզանից շատ բնակչություն ունի, սակայն կորոնավիրուսից 15 մարդ է մահացել, իսկ Հայաստանում՝ 1119 –ն է մահացել:

«Այսպիսի իշխանություն գոյություն չունի, առաջին օրվանից ասել եմ, որ անփորձ երիտասարդներ են, որոնք փորձ չունեն, լիարժեք չեն կարող արդյունավետ աշխատել և բյուջեի գումարները ճիշտ նպատակին ծառայեցնել»,-ասաց նա և անդրադարձավ կապիտալ ծախսերին: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ թոշակները 2 հազար դրամով ավելացրել են, բայց մնացած հարկ ու տուրքը տասն անգամ են ավելացրել:

Արձագանքելով գյուղացիների բարձրացրած հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը խոստացավ,որ սպորտդահլիճի համար մինչև ամսի 20-ը ինչ պետք է, կտրվի, հանդիսությունների սրահի համար ևս թույլտվության դեպքում անհրաժեշտը կարվի, ինչպես նաև գյուղի ճանապարհի համար անհրաժեշտ ցեմենտը հենց վաղը կուղարկվի:

«Դուխներդ տեղը պահեք, պետությունը սկսվում է  սահմանից, ձեր դուխով ցավը տանեմ, իրոք, մարդը այս կրակոցների տակ իր ընտանիքով մնում է, նրանք արժանի հերոս մարդիկ են, նրանց կարելի է որոշ արտոնություն, հնարավորություն տալ, որ մարդիկ կարողանան այս դժվարության մեջ ապահով ապրել»,-ասաց նա: