Չի կարելի երեխաների կրթության հաշվին լուծել համավարակի դեմ պայքարի խնդիրը.Արամ Փախչանյան

Չի կարելի երեխային բռնանալ, նրան պարտադրել դպրոցում դիմակ դնել, դա մանկավարժության սկզբունքներին և օրենքի կարգավորումներին դեմ է. առկա դժգոհությունները հիմնավոր են, քանի որ եթե երեխան հրաժարվում է դիմակ դնելուց, տուգանվում է դպրոցը, իսկ երեխային որևէ բան պարտադրել հնարավոր չէ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել կրթության փորձագետ, «Այբ» դպրոցի նախկին տնօրեն Արամ Փախչանյանը:

«Հավանաբար, այս որոշումը կայացվել է մանկավարժության և կրթության դաշտից դուրս գտնվող մարդկանց կողմից: Այսօր մեր կրթությունը հետ է մնացել ժամանակի պահանջներից, կրթական ճգնաժամը սրվել է, բացերն ընդգծվել են: Չափազանց կարևոր է ուսուցիչների վերապատրաստումը: Ամեն դեպքում, մենք դեռևս հեռու ենք լիարժեք հեռավար կրթությունից, իսկ միայն հեռավար կրթությունը չի կարող արդյունավետ լինել: Կան դասընթացներ, որոնք միայն դասասենյակում պիտի արվեն, դրանք պահանջում են խմբային աշխատանք»,- ասել է կրթության փորձագետը:

Ըստ Փախչանյանի՝ հանրակրթության նոր չափորոշիչը պետք է ներառական միջավայրում քննարկվեր՝ հնարավորինս լայն մասնագիտական շրջանակների ներգրավմամբ, բայց դա չի արվել, և այդ պատճառով դրանում կան բազմաթիվ թերացումներ և կողմնակալ մոտեցումներ. «Մասնագետների նեղ խումբ է աշխատել, նրանց պատկերացումներն այդպիսին են: Երբ բարեփոխումներն սկսում ենք չափորոշչից, ավելի ենք խորացնում անջրպետն ուսուցիչների և նոր կարգավորումների միջև: Դժվար է լինելու այն կյանքի կոչել, այդ փաստաթուղթն ընդհանրական է և վերացարկված: Իշխանությունները պետք է լսեն ուսուցիչներին, նրանց մասնակից դարձնեն կրթական չափորոշչի մշակման աշխատանքին»:

Փորձագետի կարծիքով՝ երեխաների կրթության հաշվին չի կարելի լուծել համավարակի դեմ պայքարի խնդիրը, այդ կորուստը հնարավոր չի լինի հատուցել. «Ծնողներն այսօր գիտակցում են, որ պետք է երախտապարտ լինեն ուսուցիչներին, որոնք ամեն ինչ անում են այս պայմաններում երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու համար: Ծնողները տեսնում են, որ կա համակարգային խնդիր: Երեխաներին պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ չի կարելի սահմանափակել դպրոցների ազատությունը. արդեն այսօր նկատելի է, որ դրանից երեխաներն ավելի ինքնամփոփ են դառնում: Խոսքն այստեղ ոչ այնքան կրթության, որքան երեխաների կայացման, սոցիալականացման մասին է»:

Արամ Փախչանյանի պնդմամբ՝ առաջարկվող սահմանափակումները դպրոցում երկար չեն ապրի, դրանք պետք է վերանայվեն, դժգոհությունը մեծ է: «Առցանց կրթության փորձը պարտադրված էր և ծայրահեղական: Դրանով բացահայտվեց դպրոցի կարևորությունը՝ որպես սոցիալիզացիայի ինստիտուտ, քանի որ տեսանք, թե դրա բացակայությունն ինչ ազդեցություն է ունենում: Դասամիջոց չանելը լուրջ խնդիր է: Կան պարզ կենցաղային անհարմարություններ, որոնք լուծում չունեն: Բարոյական խնդիր է, երբ ուսուցիչը ստիպված պետք է պայմանավորվի երեխայի հետ, և դա չանելու դեպքում դպրոցը տուգանվում է: Ավելի ընկալելի կլիներ, եթե ամեն դպրոցի տային բավարար ինքնուրույնություն, մանկավարժները միևնույն է բոլոր ջանքերը կգործադրեին, որ ամեն ինչ լավ լիներ»,- ամփոփել է կրթության փորձագետը: