«Ցույց տվեք մի երկիր, որը ղեկավարվում է սևամորթի կողմից և այն աղբ չէ». նոր գիրքը բացահայտում է Թրամփի` Օբամայի և Մանդելայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան, այժմ ազատազրկված Մայքլ Քոհենը երկրի առաջին դեմքի մասին սկանդալային բացահայտումներով գիրք է գրել, որը դեռևս չի հրատարակվել, սակայն դրա տեքստային տարբերակները հայտնվել են որոշ լրատվամիջոցների տրամադրության տակ:

Ըստ դրվագներից մեկի՝ գրքում ներկայացված է Թրամփի` նախկին նախագահ Բարաք Օբամային վիրավորելու մոլուցքը, գրում է The Guardian պարբերականը:

Քոհենի գրքում ներկայացվում է փաստաբանի` Թրամփի հետ շփման անձնական փորձը, այնտեղ ներառված են նաև ԱՄՆ նախագահի մի շարք ռասիստական արտահայտություններ  Օբամայի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին առաջնորդ Նելսոն Մանդելայի և այլ սևամորթ և հրեա հայտնի մարդկանց մասին:

«Ցույց տվեք մի երկիր, որը ղեկավարվում է սևամորթի կողմից և այն աղբ չէ: Այդ երկրները զուգարաններ են»,-մեջբերել է Թրամփին նախկին փաստաբանը:

Իր քաղաքական կարիերան Թրամփը սկսել է Օբամայի նկատմամբ խիստ վիրավորանքներ հնչեցնելով, կասկածի տակ դնելով նախկին նախագահի ԱՄՆ-ում ծնված լինելն ու նրա` արդար համակարգով համալսարաններ ընդունվելն ու ավարտելը:

Ըստ գրքի հեղինակի, Թրամփը հաճախ վիրավորանքներ է հնչեցրել նաև Մանդելայի հասցեին՝ հայհոյելով նրան, ասելով որ նա «առաջնորդ չէ»:

«Թրամփը Օբամային արտաքուստ նման մի սևամորթ տղամարդու էր վարձել, որպեսի նա նստի իր դիմաց և ինքը հանգիստ կարողանա վիրավորել նրան: Այս մակարդակի ռասիզմը խոր նստած է Թրամփի բնավորության մեջ»,-գրել է վերլուծաբաններից մեկը, անդրադառնալով 2012 թվականին արված տեսանյութին: