Նախագիծն ունի հակասահմանադրական դրույթներ, կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատն է. Էդմոն Մարուքյանը՝ արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու վերաբերյալ նախագծի մասին

Մենք արդեն չորս ամիս է՝ ասում ենք, որ պետք է արտակարգ դրության ռեժիմից անցնենք այլ ռեժիմի, քանի որ շատ խնդիրներ են առաջանում, սակայն մեզ առաջարկում են մինչև վեց ամիս կարանտին հայտարարելու նոր իրավակարգավորումների նախագիծ, որը բազմաթիվ խնդիրներ ունի:

Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին, խմբակցության անունից ելույթ ունենալով, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին, որի ընդունման արդյունքում սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չի երկարաձգվի:

«Մեր մտահոգությունն այն է, որ նախագիծն ունի հակասահմանադրական դրույթներ կապված մարդու իրավունքների հետ և երկրորդը՝ կարանտին հայտարարելու ուղերձը շատ վատ ուղերձ է: Ես մտավախություն ունեմ, որ այն երկրները, որոնք պատրաստվում էին ՀՀ քաղաքացիների համար սեպտեմբերի 12-ից հետո արտակարգ դրության դադարի հիմքով բացել սահմանները, հիմա հնարավոր է՝ շարունակեն կարանտինի հիմքով նույն սահմանափակումները մեր նկատմամբ պահպանեն, որից տուժելու է մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը, մենք բոլորս»,-ասաց նա և նշեց, որ կարելի է քննարկել դեռ, ժամանակ կա։

«Լուսավոր Հայաստանը դեմ կքվեարկի այս նախագծին, քանի որ այն չի բխում այսօրվա խնդիրների լուծումներից և ավելի է խնդիրներ առաջացնելու»,-ասաց նա: 

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից ևս անընդունելի համարեց նախագիծն այս տեսքով:

Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 44 461 է, մահվան դեպքերինը՝ 1163։